
Ինչպես է Փաշինյանն Ալիևին հարցրել «Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովը մանրամասներ է ներկայացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը վերջինիս իշխանության գալուց հետո տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»․ iTV հեռուստաալիքի «Շփման գիծ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հիմնական դրվագները, գաղտնի դիվանագիտական բանակցությունները և այլ մանրամասներ։
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա դիրքորոշումը բավականին կառուցողական էր. նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել, և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար»։ Նա խնդրել է դադարեցնել սահմանին կրակոցները՝ հակամարտությունը լուծելու համար։
Այնուհետև Բայրամովը հիշեցրել է 2019 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
«Այս հանդիպումը տեղի ունեցավ առաջին հանդիպումից մոտավորապես վեց ամիս անց, և դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն ու տոնը։ Նա բացահայտ հայտարարեց, որ չի կարող և չի լուծի խնդիրը (Լեռնային Ղարաբաղի հետ կապված – խմբ.), նույնիսկ պնդելով, որ եթե ես դա անեմ, նրանք կսպանեն ինձ։ Այնուհետև նա հռետորական հարց տվեց նախագահ Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահն ասաց, որ ինքն ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկը սպանվի։ Սակայն դա ոչ մի կերպ չի նշանակում, որ «ադրբեջանական հողերը կմնան օկուպացիայի տակ»»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Վիեննայի հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 30-ին, այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանն ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։
Իսկ արդեն 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն արտաբերել է «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Բայրամովը հիշեցնում է նաև օգոստոսի 6-17-ն Արցախում պատմության մեջ առաջին անգամ Համահայկական խաղերի անցկացումը, որոնց մասնակցել է Փաշինյանը։
«Սա ևս մի կարմիր գիծ էր»,- ասել է նա՝ հավելելով, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ներկայացվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որով Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքների ամրապնդումը հայտարարվեց Հայաստանի ազգային անվտանգության մաս։ Այնուհետև՝ 2020 թվականի հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացի համար առաջ քաշեց 7 լրացուցիչ պայման։
«Այս յոթ լրացուցիչ պայմաններն էլ անընդունելի էին։ Ես, իհարկե, կառանձնացնեմ դրանցից միայն մեկը. եթե Ադրբեջանը ցանկանում է ընդհանրապես քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ։ Ի՞նչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր երկարատև բանակցային գործընթացի տապալում։ Լարվածություն կար օդում։ Ակնհայտ էր, որ դա միայն ժամանակի հարց է։ Բոլոր մյուս մեթոդները սպառվել էին․․․», – ասել է Բայրամովը։


