
ՀՀ-ում ամենից խաղաղ տարիները եղել են հենց իմ նախագահության տարիները․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` կետերով
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիքին», որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Ոչ մի ըննդիմադիր չի էլ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղարկել, հասկանում ենք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է, և այն ժամանակ, այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից, և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթ կյանքի կոչվի։
- Վերցրեք փաստաթղթի 9-րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ․ նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար, Արցախ, Լաչինի միջանցք, և այդ 9-րդ կետը մտցված էր հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի միջանցք ունենալու տեսանկյունից։
- Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից և այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, և ամեն ինչ ավարտվեց Արցախի կորուստով։
- Ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ առաջին հերթին բանակցային գործընթացի ձախողման պատճառով, կողմերի՝ միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմն է։
- Երրորդ օրից ես հասկացել եմ, որ չենք հաղթելու։ Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի, և այն, ինչ ես տեսել եմ, ինձ բերել է մեկ-երկու օրվա ընթացքում համոզմունքի, որ մենք այս պատերազմը պարտվելու ենք։
- Արցախում մեր առաջարկը եղել է, որ ամեն մեկը մի ուղղություն վերցնի և փորձի այդ ուղղությամբ օգտակար լինել, որը ուղիղ երկու շաբաթ փորձում էինք նախկին նախագահների հետ՝ երրորդ նախագահն էր այնտեղ, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Անճարության մի զգացողություն էր, երբ դու տեսնում ես, որ քո հայրենիքը կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ կամ արվում է լրիվ սխալ տարբերակներով, դրա համար թողել, եկել եմ։
- Իմ տպավորությամբ՝ Հայաստանի կողմից ամեն ինչ արվել է, որ ռուսները հեռանան։ Ըստ էության՝ միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինել։
- Ղարաբաղի կորուստը Պրահայում ստորագրած հայտարարության բովանդակության ուղղակի հետևանքն է։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ հինգ տարին կերկարաձգվեր ևս հինգ տարով և կլիներ քաղաքական լուծման ինչ-որ մի առաջարկ։
- Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ ռուսները խաղաղապահ զորախումբ են տեղավորել, թող իրենք գնան, ոնց ուզում են՝ հարցը լուծեն, էդ բեռից ազատվեմ և հիմա խոստովանում է, որ «մենք Ղարաբաղը տալով ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը»։
- Ինձ համար ամենամեծ շոկը եղել է 2021 թվականի ընտրությունների արդյունքները, որովհետև պարտություն բերած, այդքան մեծ զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։
- Կարծում եմ, որ հանրության մոտ վերագնահատման բավական լուրջ պրոցես գնաց և հիմա մեր ժողովրդի մեծ մասը այլ կերպ է մտածում և՛ Արցախի ամբողջական կորուստից հետո, և՛ այն ամենից հետո, ինչ կատարվում է Հայաստանում։
- Թե ինչու են իրենք կենտրոնացել խաղաղության օրակարգի վրա, պատճառը մեկն է՝ էլ ուրիշ ասելիք չկա։ Պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն և ասեն՝ մենք միակ այն ուժն ենք, որը բերում է խաղաղություն։
- ՀՀ-ում ամենից խաղաղ տարիները եղել են հենց իմ նախագահության տարիները․ ունեցել ենք ամենից քիչ զոհեր, ընդհանրապես տարածքային կորուստներ չենք ունեցել և ունեցել ենք մի շարք այլ հաջողություններ տնտեսական ոլորտում։
- Այսօր իրատեսական լինել նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունքը արձանագրելու համար։
- Առաջին հերթին պետք է լրջորեն զբաղվել բանակով, պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը և ոչ թե նրա համար, որ պատերազմենք, այլ նրա համար, որ չպատերազմենք։ Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։
- Մեր պոտենցիալը միայն 3 մլն ժողովուրդը չէ, մեր պոտենցիալը նաև մեր Սփյուռքն է, որը զրոյացնում են, մեր պոտեցնիալը նաև մեր եկեղեցին է, որովհետև այն ցանցային բնույթ ունի՝ կա տարբեր երկրներում։
- Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության մի հսկայական ծավալ և իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում․ անընդհատ դուրս է տալիս։ Ինքն ամեն քայլափոխի պետք է ստեղծի կոնֆլիկտ և այդ կոնֆլիկտով ոնց որ սնվում է, ինչ-որ էներգիա է ստանում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտացոլումն է, եթե դու կոնֆլիկտածին ես ինքդ քեզնով, և դու ունես հսկայական իշխանություն, դու այդ կոնֆլիկտը ինչ-որ տեղ սկսում ես կիրառել, հակադրել ոչ միայն հներին ու նորերին, այլ նաև հակադրել Արարատը՝ Արագածին, Էջմիածինը՝ Հովհաննավանքին, կաթողիկոսին՝ կարգալույծ արած քահանայի հետ, ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի հետ։
- Եթե մեր ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը, ուրեմն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 2026 թվականին․ այս չարությամբ լցված իշխանությունը չպետք է իշխանության գա։
- Չեն կրակում մի պատճառով՝ ինչ ուզում է, առանց կրակելու տալիս ես։ Այս խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից․ կուզի՝ այդ խաղաղությունը կլինի, ուզի չլինի՝ չի լինելու․ այդ մարդը Ադրբեջանի նախագահ Ալիևն է։
- Ի՞նչ կանեի ես՝ համալրելու համար այս պայմանագիրը, որը ստորագրել է ԱՄՆ-ն․ կառաջարկեի նախաստորագրվածի հետ զուգահեռ ևս մի համաձայնագիր, որը կունենար համաձայնագրի երաշխիքային համակարգի ձևավորման մասին հնչողություն։ Այս նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթ, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Եվ լավագույն տարբերակը կլիներ, որ երաշխավորները լինեին և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը։


