
Փաստաբանը գլխավոր դատախազից բացատրություն է պահանջում Վարդան Ղուկասյանին բուժօգնություն չտրամադրելու վերաբերյալ
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում՝ պահանջելով հանդիպում դատախազության որևէ աշխատակցի հետ։
Նրա խոսքով՝ արդեն մի քանի անգամ է նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համապատասխան բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել։
«Դատախազությունը պարտավոր է դիմում-բողոքներին ընթացք տալ։ Դա ձեր սահմանադրական պարտականությունն է, որը չեք կատարում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես չի արձագանքել՝ իր գործառույթները կատարելու փոխարեն չգիտեմ ում հետ է բանակցում»,-ասել է Փոստանջյանը։
Նրա պնդմամբ՝ շուրջ 22 օր իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ։
«Սպասում եմ, որ դատախազությունը մեզ տրամադրի համապատասխան պատասխան և տեղեկություն, թե ինչու չի տրամադրվում Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը իր դիմումի հիման վրա։ Որևէ պետական կառույց չի ցանկանում այդ տեղեկությունը ներկայացնել»,-նշել է նա։


