
TRIPP-ը հարվածում է Իրանի և ՌԴ-ի շահերին՝ մեծացնելով Ադրբեջանի կարևորությունը․ միջազգային մամուլ
Օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն էր վերջ դնել տասնամյակներ շարունակվող Ղարաբաղյան հակամարտությանը․ գրում է Euronews-ը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն նաև կօգնի կառուցել կենտրոնական տարանցիկ «միջանցք», որը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP:
Ինչպես նշվում է, Բաքվի համար «միջանցքն» անմիջական ցամաքային կապ է ապահովում Նախիջևանի հետ, ամրապնդում է ինչպես կապերը Թուրքիայի հետ, այնպես էլ հետպատերազմյան ձեռքբերումները ենթակառուցվածքային դիվանագիտության միջոցով։
Այն նաև ամրապնդում է Ադրբեջանի՝ որպես գլոբալ տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի դիրքերը։ Սկզբում Ադրբեջանը չէր ցանկանում որևէ երրորդ կողմի ներգրավվածություն և նախընտրում էր այն պահել Բաքվի վերահսկողության տակ՝ առանց ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Ռուսաստանի մասնակցության։
Երևանի համար տրանսպորտային երթուղին հնարավորություն է տալիս ավելի ինտեգրվել ավելի լայն առևտրային ցանցերին և ներգրավել օտարերկրյա ներդրումներ։
Աշխարհաքաղաքական առումով՝ դա նաև կօգնի Հայաստանին կարգավորել հարաբերությունները հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ։
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հզոր ազդանշան ուղարկեց, որ երկու երկրները վերաուղղորդում են իրենց արտաքին քաղաքականությունը։
Regnum-ը գրում է, որ TRIPP-ով Թրամփը ևս մի հարված է հասցրել Իրանի և Ռուսաստանի շահերին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և, հնարավոր է, «Թրամփի ճանապարհի» կառուցումից հետո Ադրբեջանի կարևորությունը կաճի: Հենց այդ պատճառով էլ Թրամփը նախ բարեկամության կամուրջներ է կառուցել Էրդողանի հետ, ապա հյուրընկալել Փաշինյանին և Ալիևին, և միայն դրանից հետո անցկացրել C5+1 գագաթնաժողովը։
Ինչպես նշվում է, Ալբանիան Հայաստանի և Ադրբեջանը Կամբոջայի հետ շփոթելով՝ ԱՄՆ նախագահը դժվար թե համապատասխանեցնի իր քայլերը Եվրասիայում անցյալի աշխարհաքաղաքական գործիչների բարդ հայեցակարգերին: Այնուամենայնիվ, նրա գործողությունները բավականին հարմարեցված են «Հարթլենդի» (աշխարհի կենտրոնական տիրապետությունը որոշում է համաշխարհային գերակայությունը) զսպման աշխարհաքաղաքական ռազմավարություններին:


