27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը թերի է և փխրուն․ Common Space

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը թերի է և փխրուն․ Common Space

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհին են, սակայն գործընթացը դեռևս հեռու է ավարտված կամ անշրջելի լինելուց․ գրում է Common Space-ը։

Ինչպես նշվում է, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Այն դեռևս չի ստորագրվել։ Այդ հանդիպումը խաղի կանոնները փոխող իրադարձություն էր՝ տեղում իրականությունը փոխելու ներուժով։ Բայց հիմա պետք է սկսել ծանր աշխատանքը՝ չմտածելով, որ այսուհետ որևէ խնդիր չի լինի։ Խաղաղության գործընթացը թերի է և փխրուն։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը կառուցվել է այն նախադրյալի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը թշնամիներ են, որոնք երբեք չեն հաշտվի։ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև և ամեն ինչ կանի գործընթացը խափանելու համար։

Իրանը խաղաղության գործընթացի մեկ այլ արտաքին թշնամի է, բայց Հայաստանում և Ադրբեջանում ավելի քիչ գործիքներ ունի, քան Ռուսաստանը։ Սակայն և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը ներկայում զբաղված են իրենց սեփական խնդիրներով։ Սա նրանց չի դարձնում պակաս վտանգավոր, բայց Հայաստանին և Ադրբեջանին տարածք է տալիս դրանք կառավարելու համար։

Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում շատերը կան, որ չեն հավատում խաղաղությանը և հաշտեցմանը։

Ըստ հոդվածի՝ Եվրոպական միությունը չէր սպասում հայ-ադրբեջանական խաղաղությանը և հաշտեցմանը։ Հարավային Կովկասում Եվրոպական միությունը պետք է ավելի արագ շարժվի։

Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն ունի իր սեփական գործելաոճը, որը չի հորինվել, այլ մշակվել է Հարավային Կովկասում այսօր գոյություն ունեցող արագ փոփոխվող իրավիճակի համար։

Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի անկայուն և կարող է հակաարդյունավետ լինել, իսկ ԵՄ-ն Հարավային Կովկասում ունի ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Մագդալենա Գրոնոն ճիշտ մարդն է՝ ճիշտ տեղում։ Նա հասկանում է տարածաշրջանը և դրա բարդությունը։ Նրա մանդատը պետք է ամրապնդվի։

ԵՄ-ն 2010 թվականից ի վեր առաջատար դեր է խաղացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի ոլորտում՝ քաղհասարակության ծրագրերում։ Սակայն դրանք ավելի ու ավելի են ծանրաբեռնվում բյուրոկրատիայով և անճկունությամբ: Անհրաժեշտ է նոր մոտեցում:

Սակայն ԵՄ-ն ժամանակի շքեղություն չունի։ Եթե այն ցանկանում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ապա պետք է դա անի հիմա։

Ռազմագերիներ