29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ինեկոբանկ»-ի հաճախորդները բողոքում են՝ իրենց քարտերից գիշերը գումարներ են գանձվել

«Ինեկոբանկ»-ի հաճախորդները բողոքում են՝ իրենց քարտերից գիշերը գումարներ են գանձվել

«Ինեկոբանկ»-ի մի շարք հաճախորդներ իրենց ֆեյսբուքյան էջերում  ահազանգում են, որ գիշերվա ընթացքում իրենց քարտերից գումարներ են գանձվել։

«Մինչ մարդիկ քնած էին, պարզվում է, որ «Ինեկոբանկ»-ը շարունակում էր ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից։ Կրկնօրինակել են նախորդ օրերի գնումները, ու եթե ամսաթվին ու ժամին ուշադրություն չդարձնեք, կարող եք կարծել, թե դա ձեր նոր գնումն է, մինչդեռ դուք դրա համար արդեն վճարել էիք օրեր առաջ»,- գրում է օգտատեր Ֆլորա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ բանկին արդեն դիմել է գրավոր, սակայն պատասխանն այս պահին դեռ չի ստացել։

«Ինձ պատասխանել են, որ հայտս ուսումնասիրում են։ Բայց ի՞նչ կա ուսումնասիրելու, եթե արդեն շատերն են ահազանգել նույն խնդրի մասին։ Ոմանք նույնիսկ առավոտյան պարզել են, որ քարտի վրա գումար չկա՝ աշխատանքի գնալիս։ Նրանց բանկը գրել է, որ իբր ծրագրային խափանում է եղել»,- գրել է օգտատերը։

Մեկ այլ օգտատեր՝ Տաթևիկ Լազարյանը նշել է, որ գիշերը՝ ժամը 03:40-ին, իր քարտից փորձ է արվել գումար գանձել՝ առանց իր համաձայնության։

«Փաստորեն օրը բարի չէ Inecobank CJSC հաճախորդների համար, մեզանից անտեղյակ առևտուր են արել ու մեր գումարները քաշել»,- գրել է Տաթև Ղազարյանը:

«Ինեկոբանկ»-ը դեռ պաշտոնական պարզաբանում չի տարածել։

Ռազմագերիներ