
Իրականում այդ անկլավների թեման Հայաստանը շրջափակման մեջ գցելու, սահմաններն ավերելու, բզկտելու ծրագիր է
Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին․ հայտնել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ։
«Ի՞նչ է սպառնում Հայաստանին, եթե տեղի ունենա այդ անկլավների, տարածքների փոխանակման այդ արհեստական ծրագիրը։
Իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, սահմաններն ավերելու, բզկտելու ծրագիր է, ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են ի հայտ գալու, օրինակ՝ արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը՝ գլխավորը, այն ճանապարհը, որով Արարատից Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան, նորից էլի տանելու են սարերի միջով, անտառների միջով ճանապարհներ անցկացնեն ու քայքայեն մեր անվտանգությունը»,- ասում է նա տեսանյութում՝ ներկայացնելով ասվածի ապացույցները։


