
Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով․
- Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում գերիների հարցի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ եթե լինի խաղաղություն, մնացած բոլոր հարցերն էլ կլուծվեն։
- Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ցարական Ռուսաստանի ժամանակների քարտեզներում Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել, ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզներում Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Եթե հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվը հետ գնանք։
- 2018-ին, երբ բանտում էի, Կարեն Կարապետյանը եկել է և խոսել Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ՝ ոչ, դա բացառվում է։ Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։
- Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Ես պատարագի եմ գնում, չեմ գնում հանրահավաքի։
- Հիմա ընդդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով է սահմանված գաղտնալսել։
- Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց փաթեթի տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակելու հարցում: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտնազերծման գործընթաց անցկացնել, կհրապարակեմ, կտեսնեք:
- Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։
- Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել։
- Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական հացահատիկից․ հայտարարեց Փաշինյանը՝ այդպիսով հերքելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունը, համաձայն որի Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևի հացահատիկի մի մասը գնելով ավելի բարձր գներով՝ Երևանի գերավճարը փոխհատուցելով Եվրամիության միջոցներով։
- 3 նախագահներին պատերազմի ժամանակ անգամ օդանավն եմ տրամադրել, ասել՝ ուր ուզում եք, գնացեք, թող գնային․ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որի ժամանակ նախկին նախագահն ասել էր, որ պատերազմի 2-3-րդ օրը Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, բայց Փաշինյանը չի լիազորել նրանց։


