
Ալիևն այժմ ավելի քիչ կասկածներ ունի Փաշինյանի հաջողության հարցում՝ ստեղծելու ազգային արժեքները մերժող «նոր հանրապետություն»․ Politnavigator
Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է Հայաստանի իսլամացումը. գրում է Ղազախստանի սոցիալիստական շարժման համանախագահ Այնուր Կուրմանովը Politnavigator-ում հրապարակված հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններն անցել են կեղծիքներով և վարչական ռեսուրսների օգտագործմամբ, ինչը թույլ է տվել իշխող կուսակցությանը հայտարարել հաղթանակի մասին։ Այս խարդախ քայլերը թույլ են տվել իշխող կուսակցությանը խուսափել պարտությունից։
Կուրմանովը Փաշինյանի հաջողությանը նպաստած գործոնների շարքում ընդգծել է նաև ընդդիմության ներսում առկա պառակտումը։
«Այս ամենը միասին վերցրած՝ ապահովեց արևմտամետ ուժերի հաղթանակն այս կարևոր պահին, քանի որ Փաշինյանը մտադիր էր նվաստացնել և բացահայտել Գարեգին Բ-ի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու թուլությունը, որի նստավայրը գտնվում է հենց Վաղարշապատում։ Ամբողջ ծրագիրը հիմնված է այս պարտության հետևանքով ընդդիմության բարոյալքման վրա, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ամբողջությամբ ջախջախել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին Երևանում՝ բռնաճնշումների և եկեղեցիների բռնագրավման միջոցով», – գրում է Կուրմանովը։
Միևնույն ժամանակ, հարևան Ադրբեջանը տոնում է այս հաջողությունը՝ այն համարելով եկեղեցու անհերքելի պարտություն, ինչն արտացոլվել է նրանց մամուլում։
Հետևաբար, նշում է Կուրմանովը, Ալիևն այժմ ավելի քիչ կասկածներ ունի Փաշինյանի հաջողության հարցում՝ ստեղծելու «նոր հանրապետություն», որը մերժում է բոլոր նախկին ազգային արժեքներն ու խորհրդանիշները։ Ավելին՝ իշխող խմբի ձեռքերն այժմ ազատ են կազմակերպելու Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվե՝ հեռացնելով Արցախի, Արարատի և Հայոց ցեղասպանության բոլոր հղումները։ Փաշինյանը նպատակ ունի ոչ միայն պառակտել, այլև ոչնչացնել եկեղեցին հենց Հայաստանում։


