
Ֆրանսիան թե լավ, թե դժվար պահերին միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկը, որ դեսպանատուն է բացել Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերն այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Երևանը դարձել է ծաղկուն, նորարարական և դինամիկ մայրաքաղաք, հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը և այժմ նայում է դեպի Եվրոպա։
«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։ Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են»,- ասել է դեսպանը։


