
Արարատ Միրզոյանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։
«Արմենպրեսի» հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: «Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է Միրզոյանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարել էր, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ պատճառը, քանի որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։


