
Ի՞նչ է նախատեսում Թրամփի վարչակազմի նոր՝ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար
Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ Թրամփի վարչակազմի նոր՝ 28 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում և ուկրաինական զորքերի դուրսբերում արևելյան Դոնեցկից․ գրում է Financial Times-ը։
Ծրագրի կետերը ներկայացնում ենք ստորև․
- Կհաստատվի Ուկրաինայի ինքնիշխանությունը։
- Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև կկնքվի չհարձակման մասին համապարփակ համաձայնագիր․ վերջին 30 տարիների բոլոր անորոշությունները կհամարվեն լուծված։
- Ակնկալվում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, իսկ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի։
- Միացյալ Նահանգների միջնորդությամբ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն տեղի կունենա՝ համաշխարհային անվտանգության ապահովման և համագործակցության ու ապագա տնտեսական զարգացման հնարավորությունները մեծացնելու նպատակով։
- Ուկրաինան կստանա անվտանգության հուսալի երաշխիքներ։
- Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կսահմանափակվի՝ կազմելով 600,000։
- Ուկրաինան համաձայնում է իր սահմանադրության մեջ ամրագրել, որ չի միանա ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է իր կանոնադրության մեջ ներառել դրույթ, որով Ուկրաինան ապագայում չի ընդունվի դաշինքի կազմ։
- ՆԱՏՕ-ն համաձայնում է զորքեր չտեղակայել Ուկրաինայում։
- Լեհաստանում կտեղակայվեն եվրոպական կործանիչներ։
- ԱՄՆ երաշխիքներ․
- Երաշխիքների դիմաց՝ ԱՄՆ-ն կստանա փոխհատուցում։
- Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան, կզրկվի երաշխիքներից։
- Եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա, վճռական, համակարգված ռազմական պատասխանից բացի, կվերականգնվեն համաշխարհային բոլոր պատժամիջոցները, կչեղարկվեն նոր տարածքների ճանաչումը և այս գործարքից ստացած մյուս բոլոր առավելությունները։
- Եթե Ուկրաինան առանց որևէ պատճառի հրթիռ արձակի Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կհամարվեն անվավեր։
- Ուկրաինան իրավասու է անդամակցելու ԵՄ-ին, և այս հարցի քննարկման ընթացքում կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։
- Ուկրաինայի վերականգնման գլոբալ միջոցառումների փաթեթ։
- Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ, այդ թվում՝ հնարավորություն կստանա վերամիավորվել Մեծ ութնյակի հետ։
- Ռուսական սառեցված ակտիվները կօգտագործվեն հետևյալ կերպ.
- 100 միլիարդ դոլարը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, կներդրվի Ուկրաինայի վերականգնման մեջ: ԱՄՆ-ն կստանա ստացված շահույթի 50%-ը:
- Եվրոպան կավելացնի 100 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի վերականգնման համար հասանելի ներդրումների չափը մեծացնելու համար:
- Սառեցված ռուսական ակտիվների մնացած մասը կներդրվի առանձին ԱՄՆ-Ռուսաստան ներդրումային ֆոնդում՝ համատեղ նախագծերի իրականացման համար․ ֆոնդը կուղղվի հարաբերությունների ամրապնդմանը։
- Համաձայնագրի բոլոր դրույթների պահպանումը երաշխավորելու համար կստեղծվի անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ։
- Ռուսաստանն օրենքով կամրագրի Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ իր չհարձակման քաղաքականությունը։
- Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կհամաձայնեն երկարաձգել միջուկային զենքի չտարածման և վերահսկման մասին պայմանագրերի, այդ թվում՝ START I պայմանագրի վավերականությունը։
- Ուկրաինան կհամաձայնի լինել ոչ միջուկային պետություն՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի։
- Զապորոժիեի ատոմակայանը կգործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ 50:50 հարաբերակցությամբ։
- Երկու երկրներն էլ պարտավորվում են դպրոցներում և հասարակության շրջանում իրականացնել կրթական ծրագրեր։
21․ Տարածքների հարցը՝
- Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը կճանաչվեն որպես դե ֆակտո ռուսական տարածքներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից։
- Խերսոնն ու Զապորոժիեն կսառեցվեն շփման գծի երկայնքով, ինչը կնշանակի շփման գծի դե ֆակտո ճանաչում։
- Ռուսաստանը կհրաժարվի հինգ շրջաններից դուրս իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներից։
- Ուկրաինական ուժերը դուրս կգան Դոնեցկի մարզի՝ ներկայում իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից․ այդ գոտին կհամարվի չեզոք ապառազմականացված բուֆերային գոտի, որը միջազգայնորեն կճանաչվի որպես ՌԴ-ին պատկանող տարածք։ Ռուսական ուժերը չեն մտնի այս ապառազմականացված գոտի։
22․ Կողմերը պարտավորվում են չփոփոխել տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններն ուժի կիրառման միջոցով: Այս պարտավորության խախտման դեպքում անվտանգության որևէ երաշխիք չի կիրառվի:
- Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից առևտրային նպատակներով Դնեպր գետի օգտագործմանը․ Սև ծովով հացահատիկի ազատ տեղափոխման վերաբերյալ համաձայնագրեր կկնքնվեն։
- Չլուծված հարցերի կարգավորման նպատակով կստեղծվի մարդասիրական կոմիտե, այդ թվում՝ մնացած բոլոր գերիներն ու զոհվածների մարմինները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
- Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն 100 օրից։
- Հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը կստանան լիակատար ներում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար և կհրաժարվեն հետագայում որևէ պահանջ ներկայացնելուց։
- Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ։ Դրա իրականացումը կերաշխավորվի Թրամփի ղեկավարած Խաղաղության խորհրդի կողմից․ խախտումների դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ։
- Հրադադարն ուժի մեջ կմտնի փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո։
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ծրագիրը դեռևս մշակման փուլում է, և ցանկացած վերջնական համաձայնագիր կպահանջի զիջումներ երկու կողմերից։


