
Ովքե՞ր են Բաքու մեկնած հայերը
Այսօր՝ առավոտյան ժամը 10։00-ին, հայկական քաղհասարակության 5 ներկայացուցիչներ չարտերային թռիչքով վայրէջք կատարեցին Բաքվում։
Համացանցում մի քանի օր է՝ շրջանառվում են Ադրբեջան մեկնած պատվիրակության անդամների անդամների անունները՝ Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, Նարեկ Մինասյան, Նաիրա Սուլթանյան, Սամվել Մելիքսեթյան։
Արեգ Քոչինյանը «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահն է, 2018-2020թթ․ աշխատել է ՀՀ Անվտանգության խորհրդում, որպես մամուլի քարտուղար։ 2022-2024թթ․ եղել է «Իքս-արտ» համակարգիչների խանութի փոխտնօրենը։ Ընկերության անվան հետ էր կապված 2024-ին ձեռք բերված գերհամակարգչի պատմությունը, որի գնման համար Կառավարությունը ծախսել էր 2․7 մլրդ դրամ։
Քոչինյանը 2022–ից ի վեր է իր ներկա պաշտոնում։ Հետազոտական կենտրոնը հիմնադրվել է հենց իր կողմից՝ նույն տարվա հունվարին։
Պատվիրակության 5 անդամներից հաջորդը Նարեկ Մինասյանն է: Նա Արեգ Քոչինյանի հիմնադրած «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ ասոցացված փորձագետ է։ Զուգահեռ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում որպես քաղաքական լրագրող։ 2014-2018թթ․ եղել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ռազմաքաղաքական անվտանգության փորձագետը։
«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից» պատվիրակության մեջ ընդգրկված մյուս անդամը փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։ Նա 2009-ին ավարտել է Դոնի Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։
Բորիս Նավասարդյանը, ով պատվիրակության կազմում է, իր պնդմամբ՝ Կառավարության առաջարկով, «Երևանի մամուլի ակումբի» նախագահն է։ Այդ պաշտոնին է 1995 թվականից, իսկ 2023-ից «Երևանի մամուլի ակումբի» պատվավոր նախագահի կոչումն է ստացել։ Մինչ 1995-ը Նավասարդյանը ծավալել է լրագրողական, ապա խմբագրական գործունեություն։
Վերջին՝ 5-րդ անդամը «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» տնօրեն Նաիրա Սուլթանյանն է: Նա աշխատել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտում, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամում և ՄԱԿ-ում:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 21-22-ին, Երևան էին ժամանել ադրբեջանցի պատվիրակները։ Սա, ըստ էության, պատասխան այցն է։ Կառավարությունն այս այցի համար հատկացրել է 17․5 միլիոն դրամ։
Պարզաբանում
Նաիրիա Սուլթանյանը ներկայացվել էր որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիայում» փոխարինող անդամ, սակայն այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։


