
Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել: Մշակվել է «խաղաղության համար թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթուղթ». գրում է BBC-ն։
Բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ: Ռուբիոն խոստովանել է, որ դրանք կարող են չավարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հինգշաբթի օրվա վերջնաժամկետով։
Ռուբիոն լքել է Ժնևը և վերադառնում է Վաշինգտոն՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի շուրջ բարձր մակարդակի հանդիպումներից հետո․ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյային:
«Դեռևս կա որոշ անելիք», – նշել է նա ուկրաինացի և եվրոպացի բանակցողների հետ հանդիպումից հետո:
Պետքարտուղարը հավելել է, որ տեխնիկական մակարդակի քննարկումները կշարունակվեն՝ լավատեսություն հայտնելով, որ «մենք մեր նպատակին կհասնենք շատ ողջամիտ ժամկետներում, շատ շուտով»:
Նա այս բանակցությունները որակել է որպես, հավանաբար, լավագույնը, որն ԱՄՆ-ն անցկացրել է Ուկրաինայի հետ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում գրել է. «Ես ուզում եմ հաստատել. մենք շատ արդյունավետ առաջին հանդիպում ունեցանք պատվարժան ամերիկյան պատվիրակության հետ: Մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել և շարժվում ենք դեպի արդար և երկարատև խաղաղություն»։


