
Ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները Եկեղեցու դեմ վարում են համակարգված, խիստ ագրեսիվ արշավ․ Известия
Հայաստանի իշխանությունները նոր հարձակում են սկսել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ։ Ներկայիս ճգնաժամը բռնկվել է Telegram ալիքներում տեսանյութ հրապարակելուց հետո, որն, իբր, փաստագրում է մի կնոջ և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի միջև ինտիմ կապը․ գրում է Известия-ն։
Ինչպես նշվում է, Խաչատրյանը վաղուց ի վեր Հայաստանի ներկայիս իշխանությունների ամենաակնառու քննադատներից է։ Նա, ի թիվս այլ բաների, մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղը կորցնելու, «հայ ինքնությունը քայքայելու», հասարակությունը պառակտելու և հայրենասեր ակտիվիստներին ձերբակալելու համար։
Այժմ իշխանությունները տեսանյութի հրապարակումն օգտագործել են Եկեղեցու ներսում պառակտումը խորացնելու համար։
Մասնագետները ենթադրություններ են անում աշխարհիկ իշխանությունների նման ագրեսիվ վարքագծի պատճառների մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հայ առաքելական եկեղեցու հայրենասիրական դիրքորոշումից։ Գարեգին Բ-ն չի տատանվել խոսել Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման մասին, ինչը կտրուկ հակադրվում է կառավարության հռետորաբանությանը, որը հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության ցանկության մասին։
Մեկ այլ տեսության համաձայն՝ իշխանությունները պատրաստվում են Հայաստանում հաջորդ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հայ առաքելական եկեղեցին վայելում է բնակչության վստահությունը, և նրա աջակցությունը կարող է մեծացնել մեկ կամ մի քանի ընդդիմադիր կուսակցության հնարավորությունները։ Հնարավոր է՝ նման սցենարը կանխելու համար սկսվել է հոգևորականությանը վարկաբեկելու արշավ։ Վերջապես, դավադրության տեսությունը պնդում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ հարձակվելու հայկական ինքնության այս բաստիոնի վրա։
Ինչպես նկատում է աղբյուրը, ամեն դեպքում, Հայ եկեղեցին այժմ դժվարին վիճակում է։
Կովկասյան հարցերով փորձագետ Արթուր Աթաևը նշում է, որ Փաշինյանի կառավարությունը ձգտում է հոգևոր առաջնորդի կամավոր հրաժարականին։
«Աշխարհիկ իշխանությունները վարում են համակարգված, խիստ ագրեսիվ արշավ, որը շոշափում է բազմաթիվ ասպեկտներ։ Սա ներառում է կոմպրոմատային տեղեկատվության տարածումը, Գարեգին II-ին մոտ անձանց ձերբակալությունը, կոպիտ հայտարարությունները և տարբեր եկեղեցական գործիչների նկատմամբ հարկադրանքը։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի համար ավելի հեշտ կլինի հրաժարական տալը, քան պայքարելը։ Դժվար է ասել, թե իշխող թիմը կհաջողի՞ հասնել իր նպատակին, բայց մինչ այժմ մենք տեսնում ենք ճնշման աճ, և արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել», – կարծում է նա։


