03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդունվել է ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ․ ինչի՞ մասին է այն

Ընդունվել է ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ․ ինչի՞ մասին է այն

Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունն ընդունել են ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որը նշանակալի քայլ է երկու գործընկերների միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման գործում. նշվում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունում:

 Փաստաթուղթը հաստատվել է ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի կողմից և փոխարինում է 2017 թվականի գործընկերության առաջնահերթություններին՝ սահմանելով համատեղ գործողությունների ավելի հավակնոտ և համապարփակ շրջանակ։

ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմքերի վրա հիմնված ռազմավարական օրակարգն ուրվագծում է առաջիկա տարիների համար ընդհանուր տեսլական և արձագանքում է Հայաստանի արտահայտած ձգտմանն՝ ամրապնդելու կապերը Եվրոպական միության հետ: Այն արտացոլում է երկկողմ հարաբերություններում առկա ընդլայնված դինամիկան և ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, արդարադատության բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացիան և անվտանգության ու պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը։

Կապակցվածությունը փաստաթղթի կենտրոնական հենասյունն է, որը շեշտադրում է Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի միջև տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգը շեշտը դնում է «Գլոբալ դարպասի» շրջանակում ռազմավարական ներդրումների, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությունները բարելավելու, տնտեսական դիմադրողականությունը խթանելու և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորություններ բացելու վրա։

Օրակարգը ներկայացնում է կարճաժամկետ (3-4 տարի) և միջնաժամկետ (7 տարի) առաջնահերթություններ, որոնք նախատեսված են քաղաքացիների համար իրական օգուտներ ապահովելու և տարածաշրջանային մարտահրավերների առջև Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու համար։ Այն վերահաստատում է ԵՄ-ի ամուր հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ «Դիմադրողականության և աճի ծրագրի» շրջանակում տեխնիկական և ֆինանսական օգնության միջոցով։

Ռազմավարական օրակարգը նաև ընդգծում է շարժունակության կարևորությունը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման վերաբերյալ ընթացիկ երկխոսության, ինչպես նաև տեղահանված արցախահայերի սոցիալական և տնտեսական ներառման աջակցության միջոցով։ Այն ամրապնդում է համագործակցությունն անվտանգության, ճգնաժամերի կառավարման, հիբրիդային սպառնալիքների և կիբերդիմադրողականության ոլորտներում՝ միաժամանակ պահպանելով ԵՄ-ի լիակատար աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։

Ռազմագերիներ