
Հեռո՛ւ մնացեք եկեղեցում պառակտում սերմանելու հակասահմանադրական քայլերից․ Արամ Ա կաթողիկոսի ուղերձը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը խոսել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հարձակման վերաբերյալ։
«Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևեցինք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացությունը և փոխադարձ հասկացողության մղել՝ հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելու քայլերից։
Այսօր, փաստորեն, կացությունն ավելի վտանգավոր է դարձել և հղի՝ անկանխատեսելի հետևանքներով: Սուրբ Էջմիածինի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միության ամուր պահպանումը, այն ներքին ու արտաքին վտանգներից հեռու պահելը համազգային առաջնահերթություն է: Այս խոր գիտակցությամբ ու հանձնառությամբ առաջնորդվելով՝ կոչ ենք անում
- Հայաստանի իշխանությանը՝ հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամուխ դառնալու և եկեղեցու ներսում զանազան միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական և, հետեևաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերից, որոնք մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը կարող են ինքնակործանման տանել:
- Սուրբ Էջմիածնին՝ հնարավորինս արագ, համբերությամբ և խոհեմությամբ առաջն առնել միաբանական կյանքի ներսում ճեղքերի առաջացման վտանգավոր դրության ու համախմբվելու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ՝ եղբայրական ոգով, կանոնական գործընթացով և իրապաշտ մոտեցումով՝ քննելու առկա խնդիրները՝ համապատասխան որոշումներ կայացնելու վճռակամությամբ:
Եկեղեցին Աստծո տունն է ու միաժամանակ՝ ազգի սրբազան տունը: Յուրաքանչյուր հայ պարտավորություն և իրավունք ունի մտահոգվելու և տեսակետ հայտնելու եկեղեցուն առնչվող խնդիրների վերաբերյալ, սակայն կառուցողական մոտեցմամբ և եկեղեցին վերանորոգելու, նրա ծառայական առաքելությունն ավելի կենսագործելու նախանձախնդրությամբ առաջնորդնվելով։


