
Վրաստանը նավթի մեկանգամյա անվճար տարանցում կապահովի Ադրբեջանից Հայաստան
Վրաստանը կապահովի Ադրբեջանից Հայաստան նավթի միանգամյա անվճար տարանցում․ ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
«Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանգամյա տարանցման խնդրանք»,- նշվել է հայտարարության մեջ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է անհապաղ անվճար իրականացնել այս բեռի երկաթուղային փոխադրումը։ Պաշտոնյաները տեղեկացվել են այս որոշման մասին։
Նախարարությունն ընդգծել է, որ Վրաստանը մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար և հետևողականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության քաղաքականությանը։


