26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին․ Ադրբեջանի ԱԳՆ

«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին․ Ադրբեջանի ԱԳՆ

«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի միջև դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և, ընդհանուր առմամբ, հակասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հաջորդ 7 տարիների ռազմավարական առաջնահերթությունները սահմանող այս երկկողմ փաստաթղթում «Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումն անընդունելի է»։ Սա նաև «բացասաբար է անդրադառնում» Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ տարածաշրջանում կարգավորման գործընթացներին ԵՄ-ի հնարավոր ներդրմանը նվիրված դրույթի ներառումը, որը կոչ է անում աջակցել Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարմանը, «հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջներ»։

Ադրբեջանում համարում են, որ երրորդ կողմի միջոցով օրակարգում այնպիսի հարցի ներառումը, որն անմիջականորեն վերաբերում է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին և ունի զուտ երկկողմանի բնույթ, ոչ միայն լիովին անտրամաբանական է, այլև հաշվի չի առնում Ադրբեջանի «իրավական պահանջները Հայաստանի նկատմամբ»։

«Հաշվի առնելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, որին մասնակցում են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարները, ներառում է այս պահանջների կարգավորման վերաբերյալ կետ, այս հարցի բարձրացումը ԵՄ-Հայաստան փաստաթղթում հակասում է խաղաղության գործընթացին և լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի հայտարարած մտադրությունների վերաբերյալ»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը համարել են «իրականության լուրջ աղավաղում և անընդունելի»։ Բաքուն նաև վրդովված է, որ փաստաթղթում չի հիշատակվում «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը՝ չտեղակայել որևէ երրորդ կողմի ուժեր իրենց ընդհանուր սահմանին, առավել մտահոգիչ է այն փաստը, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության (ԵՄՄԱ) գործունեությունը դադարեցնելու փոխարեն, որն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք, առաջնահերթությունը նրա ներկայությունը պահպանելն ու առաքելության լիարժեք գործառնական կարողությունների ապահովումն է։ Այս առաջնահերթություններից զատ, ռազմական և պաշտպանական հարցերի վրա կենտրոնացումը ծառայում է Հայաստանի ռազմականացմանը։ Վերը նշված հարցերը վերստին ի հայտ են բերում անցյալի հակամարտության տարրեր՝ օգոստոսի 8-ից հետո հետկոնֆլիկտային շրջանում ձեռք բերված առաջընթացի ֆոնին, և լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս անցանկալի դրույթները վերացնելու համար, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողությունները»,-եզրափակել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ռազմագերիներ