
Հուսով եմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:
Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի առանցքային հատվածները ներկայացնում ենք կետերով․
- Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև:
- Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով և համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
- Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ՝ հիմա և ապագայում։
- Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
- «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։
- Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն։
- Փաստորեն, «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
- Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։
- Ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։
- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։
- Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ և որքանով է իրատեսական այս նպատակը։ Մեր նպատակն է` ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության ԵՄ անդամակցությունն անհնար է։


