
Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ HRW
Հայաստանի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 19-ին զգալիորեն թուլացրել է հաշմանդամության հիման վրա խտրականության դեմ պաշտպանությունը և ավելի սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հասանելիությունը․ նշվել է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում։
Դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանի կողմից կայացված առաջադեմ որոշումը և եզրակացրել, որ «հաշմանդամության հիման վրա» խտրականությունը կարող է տեղի ունենալ միայն օրենքով, եթե անձն արդեն պաշտոնապես ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող։ Սա նշանակում է, որ հաշմանդամության կարգավիճակի համար դիմող կամ պաշտոնական ճանաչման համար չդիմած անձինք, որոնք, թերևս, ամենախոցելիներն են, օրենքով պաշտպանված չեն։
Հաշմանդամության գնահատման հնացած համակարգը փոխարինելու համար նախատեսված մեխանիզմը հաշվի չի առնում, որ անհատի հաշմանդամությունը կարող է առաջանալ կամ սրվել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, աջակցության բացակայության և խտրական վերաբերմունքի հետ կապված խոչընդոտներից։ Այն նաև բավարար թափանցիկություն չունի։ Արդյունքում՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար դիմող մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչպես են կայացվում իրենց գործերի վերաբերյալ որոշումները կամ իմաստալից կերպով վիճարկել դրանք։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի համաձայն՝ «հաշմանդամության հիման վրա» խտրականությունը ներառում է խտրականություն այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հաշմանդամություն, ունեցել են այն անցյալում, ովքեր հակված են ապագայում հաշմանդամություն ունենալու, կամ ենթադրվում է, որ ունեն։ Պետությունները պարտավոր են պաշտպանել նրանց խտրականությունից և ապահովել արդյունավետ միջոցների հասանելիությունը։
Human Rights Watch-ը նախկինում արձանագրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից Հայաստանում արդարադատությանը հասանելիության հետ կապված խոչընդոտները՝ պարզելով, որ այն բավարար չափով չի երաշխավորում դատական պաշտպանությունը։
«Կառավարությունը պետք է անհապաղ առաջնահերթություն տա խտրականության դեմ պայքարի ամուր օրենքի ընդունմանն՝ ուժեղ ընթացակարգային երաշխիքներով, և դատական համակարգին ապահովի համապատասխան վերապատրաստումներով և ռեսուրսներով։ Այն նաև պետք է վերանայի հաշմանդամության գնահատման համակարգը՝ թափանցիկությունն ապահովելու և շրջակա միջավայրի գործոնները ներառելու համար»,- նշվել է հայտարարությունում։

