
«Թրամփի երթուղին» սեպ է խրել վրաց-ադրբեջանական հարաբերություններում․ Eurasianet
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարը, կարծես, թշնամանք է առաջացնում Բաքվի և նրա մյուս հարավկովկասյան հարևան Վրաստանի միջև. գրել է Eurasianet-ը։
Ադրբեջանի երկու լրատվամիջոց, որոնք պաշտոնական մտածողություն արտացոլող են համարվում, վերջին շաբաթներին են մի շարք խիստ հրապարակումներ են կատարել՝ Վրաստանի կառավարությանն ադրբեջանական առևտրին խոչընդոտելու համար մեղադրելով։
Նրանք պնդում են, որ Վրաստանը միտումնավոր է գործում՝ խաթարելու օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական ժամանակավոր խաղաղության համաձայնագիրը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հոդվածները ցույց են տալիս, որ Թբիլիսիի գործողությունները, կարծես թե, բազմաթիվ դրդապատճառներ ունեն. առաջինը՝ վրաց պաշտոնյաները մտահոգված են, որ խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը հանդիսացող TRIPP առևտրային միջանցքը Վրաստանով անցնող առկա երթուղիները կդարձնի անգործունակ։ Եվ երկրորդ՝ կա տեսակետ, որ Թբիլիսին կարող է գործել Կրեմլի շահերից ելնելով՝ նպատակ ունենալով պահել թե՛ Երևանը, թե՛ Բաքուն Ռուսաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական ազդեցության գոտում։
Մինչ հայ և ադրբեջանական պաշտոնյաները դանդաղ աշխատում են խաղաղության համաձայնագրի և TRIPP-ի գործառնական մանրամասների վերջնական մշակման ուղղությամբ, Ադրբեջանի՝ բեռնափոխադրումները և երկաթուղային միջազգային առևտուրը շարունակում են մեծապես կախված լինել Վրաստանից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապերը խզվել են տասնամյակներ տևած հակամարտության պատճառով և վերականգնման համար կպահանջվեն մեծ ներդրումներ։
Ադրբեջանա-վրացական լարվածության արմատները հասնում են սեպտեմբեր, երբ սահմանային անցակետերում վրացական կողմից ադրբեջանցի բեռնատարների վարորդների նկատմամբ հետապնդումների մասին բողոքները սկսեցին հասնել Բաքու:
Լարվածությունը սրվել է դեկտեմբերի սկզբին՝ սահմանային հարցերով համատեղ հանձնաժողովի նիստից հետո: Այդ հանդիպման ժամանակ Բաքուն, ըստ տեղեկությունների, բարձրացրել է Վրաստանի միջոցով նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հարցը՝ խնդրելով Վրաստանից սահմանել նման բեռնափոխադրումների տարանցիկ վճարները: Վրացի պաշտոնյաները նշել են չափազանց բարձր սակագին, որը շատ ավելի բարձր է, քան Բաքվի կողմից այլ ապրանքների տարանցման համար արդեն վճարվող սակագները։
Վրացի պաշտոնյաները մերժել են խոչընդոտների մասին պնդումները, սակայն այդ ժեստը չի հանգստացրել Բաքվին: Դեկտեմբերի 10-ին «Մինվալ Պոլիտիկա»-ում հրապարակված մեկնաբանության մեջ պնդվում էր, որ Ադրբեջանը դեռևս սպասում է «լուրջ մոտեցման», այլ ոչ թե «բարի կամքի միանվագ ժեստերի»։ Այնուհետև հայտարարվում էր, որ Ադրբեջանը քննարկում է խորհրդային դարաշրջանի երկաթուղային կապը Հայաստանի սահմանին՝ ի պատասխան Վրաստանի «սակագնային դեմարշի»։


