
TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը» նույնը չեն․ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Իրանին
Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ․ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի երեկվա հայտարարությանը, թե Իրանի սահմանին նման ճանապարհի գոյությունը կարող է սպառնալ Իրանի և ՌԴ-ի անվտանգությանը։
«Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ՝ հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։ Իրենց շահերը հաշվի առնված են, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է և նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է»,-ասել է Ռուբինյանը։
Նա հայտարարել է, որ բացառում է Հայաստանում որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։
Ռուբինյանը նաև նշել է, որ իրենք հաշվի են առնում հարևանների բոլոր կենսական շահերը։
«Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Իրապես միջանցքի խնդիր չկա և Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետև իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,-նշել է ԱԺ փոխխոսնակը։


