
2026 թվականը Հայաստան է մտնում՝ բախվելով բևեռացման և անորոշության․ ISPI
2026 թվականը կարող է վճռորոշ լինել Հայաստանի համար՝ էականորեն ազդելով երկրի արտաքին և ներքին քաղաքականության վրա: Հիմնական զարգացումները, որոնք պետք է դիտարկել արտաքինից, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներն են․ գրել է Italian Institute for International Political Studies– ը (ISPI)։
Ըստ հրապարակման՝ վաշինգտոնյան հռչակագրի նպատակների իրականացումն ավելի շատ կախված է Ադրբեջանից, քան Հայաստանից: Իր կողմից՝ Հայաստանի կառավարությունը համաձայնել է փակել Լեռնային Ղարաբաղի գլուխը և ձեռնպահ մնալ էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը բարձրացնելուց, հրապարակայնորեն մերժել է ադրբեջանական զորքերն օկուպացված հայկական տարածքներից հեռացնելու ցանկացած ռազմական տարբերակ, և նույնիսկ հեռացնում է Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքներից, ենթադրաբար, որպեսզի խուսափի հարևան երկրներում հույզերի գրգռումից:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է «Թրամփի երթուղին» (TRIPP) անվանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» և Հայաստանը ներկայացնում է որպես «Ադրբեջանի պատմական հողերի» մի մաս: Բացի այդ՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն 2026 թվականի համար: Բաքուն նաև խոչընդոտում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը՝ պնդելով, որ դա պետք է տեղի ունենա միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Ադրբեջանն օգտագործում է իր տնտեսական լծակները, ինչպիսիք են բնական գազի մատակարարումն, ադրբեջանական ներդրումները Թուրքիայում և «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը՝ Անկարայի և Երևանի հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի որոշումների կայացման վրա ազդելու համար:
Եթե Ադրբեջանն իրական քայլեր ձեռնարկի խաղաղության և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ թույլ տալով Հայաստան-Իրան կապը Նախիջևանի միջոցով և Հայաստան-Ռուսաստան կապը անմիջապես Ադրբեջանի մայրցամաքային մասով, այլ ոչ թե Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով, ապա իրական հնարավորություն կա, որ երկար և ցավոտ գործընթացի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան ի վերջո կարգավորել իրենց հարաբերությունները: Հակառակ դեպքում՝ երկու երկրները կմնան հակամարտության, անկայունության և փոխադարձ անվստահության շրջապտույտի մեջ։
2026 թվականին դիտարկվող Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ նշանակալի զարգացում է Երևանի հարաբերությունները Եվրամիության հետ:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի շուրջ պարզություն չկա, և ավելի մեծ հստակություն կարող է առաջանալ 2026 թվականի հունիսի ընտրություններից հետո։ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ անդամակցության համար։
Ռուսաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր ուղղություն են։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են երկիմաստ։ Մոսկվան թղթի վրա մնում է Հայաստանի ռազմական դաշնակիցը, սակայն վերջին տարիներին հարաբերությունները ռազմավարական դաշինքից վերածվել են խնդրահարույց գործընկերության:
Վաշինգտոնի հռչակագիրը, հավանաբար, լրացուցիչ բարդություն և անորոշություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Ռուսաստանի հնարավոր գործողությունները՝ ազդելու 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի կարճաժամկետ ներգրավվածության աճը Հայաստանում կախված է Ուկրաինայում պատերազմի ընթացքից։ Եթե պատերազմը շարունակվի հաջորդ վեց ամիսների ընթացքում, Ռուսաստանը չի կարողանա զգալի ռեսուրսներ տեղակայել Հայաստանի ուղղությամբ՝ 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ։
Հայաստանի ներքաղաքական կյանքում 2026 թվականը նույնպես լարված տարի է լինելու։ 2026 թվականի հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի ապագա ընթացքը հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Ընտրությունները կանցկացվեն բևեռացված միջավայրում, և դա միայն կուժեղանա ընտրության օրվա մոտենալուն զուգընթաց։
Իշխող կուսակցությունը, հավանաբար, ընտրություններում կհենվի երկու հիմնական առավելությունների վրա՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում՝ հատկապես շրջաններում, և այն, ինչ ներկայացվում է որպես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում և տասնամյակներ տևած հակամարտության ավարտ:
Որոշ հարցեր կարող են ավելի խորացնել բևեռացումը: Հայ հասարակության մի մասը պնդում է, որ երկիրը չպետք է և չի կարող մոռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 33-ամյա պատմությունը և Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումները: Նրանք պնդում են, որ Հայաստանը պետք է միջազգային ատյաններում բարձրացնի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը, այդ թվում՝ վերադարձի իրավունքը:
Ընտրություններից առաջ մեկ այլ բաժանարար գիծ է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը։ Կառավարամետ շրջանակները խոսում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին և մեղադրում Ռուսաստանին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Ընդդիմությունը պնդում է, որ Հարավային Կովկասում Թուրքիան Արևմուտքի հիմնական ներկայացուցիչն է, և, հետևաբար, Հայաստանն Արևմուտքին մերձեցնելուն ուղղված ցանկացած քաղաքականություն արդյունավետորեն այն մերձեցնում է Թուրքիային՝ վերածելով այն փաստացի «թուրքական վիլայեթի»։
Վերջին ամիսներին կառավարությունը արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ։
Հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու պատմական ժառանգությունը հայ ինքնության մեջ և հայ ազգի հազարամյակների պատմության պահպանումը, կառավարության գործողությունները բացասական արձագանք են առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում՝ նպաստելով հասարակության հետագա բևեռացմանը։
2026 թվականը Հայաստան է մտնում՝ բախվելով բևեռացման և անորոշության։ Հայկական էլիտայի և ավելի լայն հասարակության կողմից կատարված ընտրությունները կազդեն երկրի զարգացման վրա առաջիկա տարիներին և կարող են որոշել Հայաստանի արտաքին և ներքին հետագիծը։ Երկրի գործընկերները պետք է ուշադիր հետևեն այս զարգացումներին և ձգտեն Հայաստանը ուղղորդել դեպի ներքին համախմբվածություն և արտաքին կայունություն։


