
Խաղաղությանը դեմ լինել հնարավոր չէ, բայց Արցախ վերադարձը միջազգային իրավունքի հարց է․ Սամվել Շահրամանյան
Ինձ որպես վկա են հարցաքննել 2023 թվականին Արցախում տեղի ունեցած դեպքերի համար․լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա իր դեմ մեղադրանք ներկայացնելու միտում այս պահին չի տեսնում։
Շահրամանյանը նշել է, որ 2023 թվականին Ադրբեջանը պահանջել է նաև արտահանձնել Կամո Վարդանյանին։
«Ճանապարհը բացելու և արցախցիների անվտանգ դուրս բերելու համար Ադրբեջանը պահանջում էր նաև Կամո Վարդանյանին»,-ասել է նա։
Խոսելով Արցախ վերադարձի հնարավորության մասին՝ Շահրամանյանը նշել է, որ դա միջազգային իրավունքի հարց է
«Մենք հենց այդ հարցը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի համար կամ պատերազմ հրահրելու համար։ Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, խաղաղության գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, որքան արցախցիները։ Մենք ասել ենք, որ կողմ ենք խաղաղությանը, դրան դեմ լինել հնարավոր չէ։ Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են։ Վերադարձի հարց բարձրացնելիս մեզ պատերազմ հրահրելու համար մեղադրելը սխալ է, դա ճշմարտություն չէ»,-ասել է նա։
Անդրադառնալով Մայր Աթոռում այսօր սպասվող իրադարձություններին, նա նշել է, որ հնարավոր է մասնակցի նախատեսված հավաքին։


