
Ձերբակալված կա․ ի՞նչ է տեղի ունեցել Ոսկու շուկայում
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝«Լեդի Հակոբին» պատկանող ոսկու շուկայում խուզարկություն է տեղի ունեցել։ ABC Media-ի տեղեկություններով՝ շուկայի տնօրենի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել։ Նա ձերբակալվել է։
ՀՀ Քննչական կոմիտեից ABC Media-ին տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեղեկացրել էր, որ առավոտյան հատուկ ջոկատայինները ներխուժել են ոսկու շուկա։ Շուկայի աշխատակիցները, կարծելով, թե ավազակային հարձակում է, փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին։

