
Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում և Հայաստանից. AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել մոտ 30 արտասահմանյան առաքելություններից բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ դիվանագետների. հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյաներին։
Ըստ AP-ի՝ արտասահմանում ամերիկյան 29 առաքելությունների ղեկավարները ծանուցում են ստացել, որ իրենց պաշտոնավարման ժամկետը լրանալու է հունվարին։
Գործակալությունը հայտնում է, որ նշված դիվանագետները պաշտոնները ստանձնել են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ ԱՄՆ-ն ամենամեծ թվով դիվանագետների է հետ կանչում Աֆրիկայից, որտեղ 13 երկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ստացել են աշխատանքից ազատման ծանուցում։ Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում 6 երկրի, այդ թվում՝ Վիետնամի և Ֆիլիպինների դեսպաններին։
Ալժիրում և Եգիպտոսում ԱՄՆ ավագ դիվանագետները ևս ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։
Կադրային փոփոխությունները կանդրադառնան նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատների վրա։ Associated Press-ը հաղորդում է, որ նշված դիվանագետները պարտավոր կլինեն վերադառնալ Վաշինգտոն, որտեղ նրանք կնշանակվեն այլ առաջադրանքների։
Այս կադրային փոփոխություններն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ գերատեսչությունը վերակազմակերպելու ծրագրի մի մասն են՝ ֆինանսական խնայողություններ կատարելու և գաղափարախոսական ճշգրտումներ կատարելու նպատակով։
Ինչպես Ռուբիոն հայտարարել էր ապրիլի վերջին, Թրամփի վարչակազմը կիրականացնի Պետդեպարտամենտի «համալիր վերակազմակերպում»՝ հիմնականում բյուրոկրատիան կրճատելու նպատակով։ Ըստ The Washington Post-ի՝ Ռուբիոյի ծրագիրը, ի թիվս այլնի, նախատեսում է Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր աշխատակիցների կրճատումներ, ինչպես նաև մի քանի հյուպատոսությունների և որոշ արտաքին ծառայության ծրագրերի փակում։ Ակնկալվում է, որ կրճատումները կազդեն Պետդեպարտամենտի կենտրոնական աշխատակազմի մոտավորապես 15%-ի (3,400 աշխատակից) վրա։


