14 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկել են TRIPP նախաձեռնությունը

ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկել են TRIPP նախաձեռնությունը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի քննարկմանը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը (USACC):

USACC-ի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները Վաշինգտոնում, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապերի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։

«ԱՄՆ վարչակազմի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է նշանավորել։ TRIPP-ն այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝  տարանցիկ երթուղին համատեղ բարգավաճման շարժիչի վերածելով»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։

Խազար Իբրահիմն, իր հերթին, հավելել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում. «Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապի և համագործակցության սկզբունքները՝ հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է»:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ TRIPP նախաձեռնությունը շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջանների:

«Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը և այն փաստը, որ քննարկումները շարժվում են դեպի կոնկրետ զարգացման նախագծեր: Նման գործնական համագործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»,- հավելել է նա:

Ռազմագերիներ