
«Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը քարոզվում է Բաքվի բուհերում
2025 թվականին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (ԱՀՀ) միջազգային կազմակերպություններին և դրանց ղեկավարներին ուղարկել է 119 դիմում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՀՀ վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին այս մասին հայտարարել է Բաքվի պետական համալսարանում (ԲՊՀ) կայացած «Մեծ ուղու շարունակություն» կոնֆերանսում։
Նրա խոսքով՝ այդ նամակներն անպատասխան չեն մնացել։ Ալեքբերլին ընդգծել է, որ 78 հանդիպում է անցկացվել տարբեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շարունակում է «պատմական փաստերը» տարածելու իր ջանքերը։ Դրա նպատակն է «Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը փոխանցել ուսանողներին և երիտասարդ սերնդին»։
Նա ադրբեջանական պետական քարոզչամեքենայի ոգով նկրտումներ է ներկայացրել «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» մասին՝ խոստովանելով, որ այդ գաղափարը հղացել է դեռևս ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի մոտ, իսկ այսօր այն առաջ է մղում Իլհամ Ալիևը։
Ապա իր ելույթով Ալեքբերլին կրկին ապացուցել է, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների գաղափարն ակտիվորեն սերմանվում է ուսումնական հաստատություններում։
«Այս գաղափարը մեծ նշանակություն ունի ադրբեջանական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար և օգնում է նրանց աստիճանաբար վերադառնալ հայրենի հողեր»,- նշել է նա։

