26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար

Կոնգրեսի անդամների երկկուսակցական խումբը ներկայացրել է «Հայաստանի անվտանգային գործընկերության մասին» օրենքը, որը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար. գրում է ANCA-ն։

Օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը,  որոնց միացել են  Դեյվ Մինը, Ջենիս Շակովսկին, Բրեդ Շերմանը, Գեյբ Ամոն, Դեյվիդ Վալադաոն և Քրիս Սմիթը։

Օրինագիծը պահանջում է, որ Միացյալ Նահանգների նախագահը Կոնգրեսին հավաստիացնի, որ Ադրբեջանը ձեռնարկել է իմաստալից և ստուգելի քայլեր՝

  • Բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից լիովին դուրս բերելու,
  • բոլոր հայ բանտարկյալներին անվերապահորեն ազատ արձակելու,
  • Հայաստանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու,
  • էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տներ վերադառնալու իրավունքը ճանաչելու և տարածաշրջանում հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանման ուղղությամբ։

Եթե նախագահը չկարողանա նման հավաստիացում ապահովել, օրինագիծը պարտադրում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող անվտանգության օգնության համապարփակ վերանայում՝ երկարաժամկետ պաշտպանական կարիքները և Ադրբեջանի կողմից ներկայացվող շարունակական սպառնալիքը գնահատելու համար: Այն նաև կարգելի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ դրույթի չեղարկման իրավունքը, այդպիսով՝ կիրառելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության առկա սահմանափակումները։

«Հայաստանն անկայուն տարածաշրջանում հիմնական գործընկեր է և արժանի է նշանակալի աջակցության, քանի որ այն բախվում է իր ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ շարունակական սպառնալիքների», – նշել է Բիլիրակիսը՝ հավելելով․ «Այս օրենսդրությունը հստակ ուղերձ է հղում այն մասին, որ Միացյալ Նահանգներն աչք չի փակի ագրեսիայի, մարդու իրավունքների խախտումների կամ էթնիկ հայերի բռնի տեղահանման վրա: Պատասխանատվությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության կենտրոնում»։

Պատգամավոր Փալոնը շեշտել է, որ Ադրբեջանի գործողությունները չափազանց երկար ժամանակ անվերահսկելի են եղել՝ նշելով. «Ադրբեջանին թույլատրվել է անպատիժ գործել՝ Հարավային Կովկասն անկայունացնելու, մարդու իրավունքների սարսափելի խախտումներ կատարելու և հայ ժողովրդին սպառնալու համար։ Մեր օրինագիծը մեծ քայլ է ճիշտ ուղղությամբ՝ Ալիևի ռեժիմին վերջապես պատասխանատվության ենթարկելու մարդկության դեմ շարունակվող հանցագործությունների և տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված սպառնալիքների համար»։

Կոնգրեսի հայկական խմբակցության դեմոկրատ փոխնախագահ Բրեդ Շերմանն ընդգծել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարգանքի վրա, այլ ոչ թե հարկադրանքի կամ ուժի։

«Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ, հայ բանտարկյալների կալանավորումը և հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը պահանջում են լուրջ արձագանք։ Այս երկկուսակցական օրենսդրությունը հստակեցնում է, որ Միացյալ Նահանգները չի խրախուսի միջազգային իրավունքի խախտումները, և որ Հայաստանն արժանի է հուսալի գործընկերոջ, քանի որ աշխատում է ապահովել իր սահմանները և հետապնդել արդար և կայուն խաղաղություն»,- ասել է նա։

 

Ռազմագերիներ