
Ադրբեջանում ապօրինի պահվող Վագիֆ Խաչատրյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ադրբեջանում ապօրինի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը տեղի ԶԼՄ-ներին հայտնել է, որ 70-ամյա Խաչատրյանը (ծնված՝ 1955թ.) 2025 թվականի դեկտեմբերի 22-ին սկսել է իրեն վատ զգալ։ Նրա մոտ նկատվել է շնչառության դժվարացում և սրտի հատվածում ցավեր։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը 2023թ-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նախատեսվում է, որ 15 տարվա ազատազրկման 5 տարին Խաչատրյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։
Խաչատրյանը ձերբակալվել էր 2023-ի հուլիսին Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ տարածք անցնելիս։
Ըստ Ադրբեջանի մեղադրանքի՝ իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել է 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։
Նա առաջին բուժօգնություն է ստացել Արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության բժշկական մասում, որից հետո շտապ տեղափոխվել է Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բուժհաստատություն։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։


