23 Հուն
2026
-7° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական բենզինի գինը․․․

Ադրբեջանական բենզինի գինը․․․

2023 թվական, սեպտեմբեր, Արցախ։ Շրջափակման իններորդ ամիսն է։ Արցախում սով է, բառի ամենաուղիղ իմաստով։ Մարդիկ օրերով (իսկ ավելի հստակ՝ գիշերներով) հերթ են կանգնում հացի հերթի համար։ Այո, շրջափակման ժամանակ Արցախում կրկնակի, եռակի նշանակության հերթեր էին՝ մի հատիկ անհասկանալի գույնի ու պարունակության հացի համար։ Նախ մի ամբողջ գիշեր պետք է հերթ կանգնեիր՝ համար ստանալու համար։ Հաջորդը՝ հերթ կանգնեիր ևս մեկ-երկու գիշեր, որ քո համարի հերթը հասներ, ու ստանայիր դեղնավուն, վստահ չեմ, թե ինչ այլուրից թխված հացը։

Նույն օրերին, 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի գոյության հետհաշվարկը մոտենում էր ավարտին, Ադրբեջանը որոշեց Ակնայով (Աղդամով) ալյուր ուղարկել Արցախ։ Ասում էին՝ բարձր կարգի, ասում էին՝ մեծ քանակությամբ։ Արցախցիները որոշեցին, որ պետք է փակեն ալյուրի ճանապարհը Ասկերանում։ Մի խումբ մարդիկ արդեն ցրտող եղանակին, ամեն կողմից շրջափակված Արցախում, առանց որևէ տեխնիայի կամ զենքի, ուղղակի իրենց մարմնով ու արժանապատվությամբ որոշեցին փակել Ադրբեջանից եկող ալյուրի ճանապարհը։

Ադրբեջանական ալյուրին դեմ կանգնող արցախցու միակ վահանը իր ազգային պատիվն էր։ Արցախցին հիշում էր, թե ով է ադրբեջանցին։ Հիշում էր Սումգայիթը, հիշում էր առաջին պատերազմը, հիշում էր Գուրգեն Մարգարյանին, հիշում էր 2016-ի Թալիշը, հիշում էր 2020 թվականի պատերազմը։ Արցախցին տեսնում էր Շուշիի շնչափողը փակած ադրբեջանական դրոշը։ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ մտած ալյուրը դրոշ ու պարան էր փաթաթելու Արցախից մնացած պատառի մարող շնչին՝ ուժով գրավելուց առաջ ոչնչացնելով ազգային ու մարդկային ամեն արժանապատվություն։  

Իսկ Ասկերանում հավաքված մի խումբ մարդիկ փորձում էին պահել արժանապատվության վերջին դիրքը։ Այդ օրերին միամտորեն ու լավատեսորեն հավատում էի, որ այդ մի խումբ մարդկանց կամքն այնքան ուժեղ է լինելու, որ Ադրբեջանից եկած ալյուրը չի մտնելու Արցախ։ Արցախցին ադրբեջանական հաց չի ուտելու, քանի որ հաց ձեռք բերելով՝ նա կկորցներ ամեն ինչ։ Ինը ամիս շրջափակված արցախցին լավ գիտեր, թե ինչ է իրականում նշանակում ադրբեջանական կողմից եկած ալյուրը։

Սեպտեմբերյան մի առավոտ, երբ Արցախի ուժայինները ցրեցին Ասկերանի դիրքապահներին, լուսադեմին ալյուրով բեռնված մեքենաները մտան Արցախ։ Այդ ալյուրը մարդկանց չբաժանվեց։ Արնահամ հացը կուլ չգնաց։

Այո, Արցախն օրեր անց ընկավ, սակայն հյուծված Արցախն ընկավ պայքարելով ու կուլ չտվեց ադրբեջանական մահաբեր հացը։ 

Այս օրերին լրահոսում ամենաշատ քննարկվող թեմաներից է Ադրբեջանից Հայաստան հասած բենզինի խմբաքանակը։ Առաջին արձագանքս էր՝ իմանալ, թե որ լցակայաններում է լինելու ադրբեջանական բենզինը. այնտեղ մեքենան չլիցքավորել։ Այս բենզինը, սակայն, շատ ավելին է նշանակում։

Ի՞նչ արժե ադրբեջանական բենզինը, ի՞նչ արժեցավ այն։ Արժեցավ Արցախ, հայրենիք, արժանապատվություն։

2023 թվականի սեպտեմբերին Արցախում փորձ էր արվում պահպանել արժանապատվությունը։

Այսօր բենզինը հոսում է առանց դիմադրության։

Թամարա Գրիգորյան

Ռազմագերիներ