
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ հայտնում են դեսպանությունից։
«Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության, և վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Նախագահ Թրամփն առանձնակիորեն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։
Նախագահ Թրամփը Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի»,- ասված է հայտարարության մեջ։


