
Պատերազմում պարտվել ես, ազգային ինքնասիրությունդ չես վերականգնել, ինչի՞ շուրջ հետդ աշխարհում խոսեն․ Աբրահամ Գասպարյան
Պետությունը հայտնվում է արտաքին ազդեցության ներքո, երբ կորցնում է ուժային հավասարակշռությունը։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռության կորուստը պատճառ է հանդիսանում առաջինը՝ տվյալ պետության ինքնիշխանության մասնակի կամ ընդհանուր սահմանափակմանը, ինչպես, օրինակ, Սիրիայում եղավ։ Երկրորդ՝ տվյալ պետության էլիտաների շրջանում արժեքային, գաղափարական և ինստիտուցիոնալ չկողմնորոշվածությունը․ այսօր «Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով քննարկմանն ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«2020-ից հետո Հայաստանը հայտնվեց հենց այս կրախի մեջ, երբ էլիտաները չունեն հստակ արժեքային կողմնորոշում, գոյություն ունի ազգային դիմագծի աղավաղում, որով քեզ աշխարհը կկարողանա ճանաչել ու ըստ այդմ՝ բանակցային օրակարգը մշակել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանը կորցրել է երբեմնի գոյություն ունեցող դաշնակցային քարտեզը, Հայաստանը, որպես այդպիսին, հետաքրքիր էր աշխարհին Արցախյան հակամարտության առկայությամբ։
«Հիմա Արցախը չկա, Սյունիքն ես դարձրել սակարկությունների առարկա, դու կոնֆլիկտը տեղափոխել ես պետության ինքնիշխանության տիրույթ։ Հայաստանը 2020-ից հետո դարձել է հիմնականում միջնորդավորված, թուրք-ադրբեջանական լոբբիստական շահերը սպասարկող պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ազդեցության գոտի»,- ասաց քաղաքագետը։
Մեր հայաստանյան քաղաքական օրակարգը, ըստ նրա, թելադրված է Բաքվից և Անկարայից եկող հստակ նարրատիվներով։
Եվրոպան այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Քաղաքագետի խոսքով՝ Եվրոպական միություն, որպես այդպիսին, որպես քաղաքական երբեմնի դերակատար, վերանալու է աշխարհի քաղաքական քարտեզից՝ վալիդ որոշումների ընդունման տեսանկյունից։ Եվրոպան ո՛չ Կրեմլի, ո՛չ Սպիտակ տան որոշումների ընդունման վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Այն այժմ փորձում է պրոքսի դերակատարներ գտնել տարբեր տարածաշրջաններում, Հարավային Կովկասում այդ պրոքսի դերակատարը Փաշինյանի իշխանությունն է։
«Եթե դու պատերազմում պարտվել ես, ազգային ինքնասիրությունդ չես վերականգնել, ինչի՞ շուրջ հետդ աշխարհում խոսեն»,- իր խոսքը եզրափակեց Աբրահամ Գասպարյանը։


