
Չափանիշները, որոնցով ՀՀ իշխանությունները նույնականացնում են «ռուսական ազդեցության գործակալներին», անհասկանալի են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ականատես է լինում Հայաստանի իշխանությունների ակտիվ աշխատանքին, որոնք ռուսական ազդեցության գործակալներ են փնտրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական և հասարակական գործիչների շրջանում։
«Գիտեք՝ ես մի հարց ունեմ։ «Ռուսական ազդեցության գործակալներ». ի՞նչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում նրանց։ Ովքե՞ր են նրանք։ Նրանք, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացո՞ւմը։ ՀՀ վարչապետ Փաշինյանն անընդհատ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։ Նրանք, ովքեր հարգում են Ռուսաստանը և գիտեն նրա պատմությունն ու մշակույթը։ Փաշինյանն անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին։ Չափանիշները, որոնցով հայկական իշխանությունները նույնականացնում են «ռուսական ազդեցության գործակալներին», անհասկանալի են։ Ես կցանկանայի հասկանալ, թե ո՞ւմ մասին են նրանք խոսում և որո՞նք են այդ չափանիշները։
Եթե նրանք խոսում են «Ռուսաստանի անվան տակ» ընդդիմության հետ հարցերը լուծելու մասին, ապա դա ամենևին լավ չէ։ Դա ո՛չ բարեկամական է, ո՛չ մարդասիրական և ո՛չ էլ ժողովրդավարական։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ապացույցներ չկան»,- հայտարարել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ այս երևույթը զարգանա, և որ հայկական իշխանությունները չեն քաղաքականացնի այն։
«Մեր կարծիքով՝ հավատքի, կրոնի, կրոնական համոզմունքների և հայացքների հարցերի քաղաքական նպատակներով շահագործումը բացարձակապես անընդունելի է։ Մենք հետևում ենք այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին, և մեր հայ գործընկերների հետ բոլոր բանակցությունները հիմնված են այս սկզբունքի վրա։ Ցավոք, սա չի կարելի ասել որոշ արևմտյան քաղաքական գործիչների մասին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալլասը բացահայտորեն առաջարկում է Հայաստանին ընտրությունների կազմակերպման «լավագույն» եվրոպական փորձը՝ «փորձարկված Մոլդովայում»։ Ի՞նչ տեսակի «գործելակերպեր» են դրանք։ Հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհն ականատես է եղել քաղաքական ճնշման, սպառնալիքների, շանտաժի և ընտրություններից առաջ միջոցների ներհոսքի՝ տարբեր վարկերի, դրամաշնորհների, տրանշերի և այլնի տեսքով։ Սա ոչ մի ընդհանուր բան չունի իրական ժողովրդավարության հետ»,- նշել է Զախարովան։


