
Մենք ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման շարունակական գործընթացը․ Զախարովա
Համաձայն 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի վերջին նախարարական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության՝ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ երկու հանդիպումները կանցկացվեն Հայաստանում կամ Ադրբեջանում․ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գործընկերներից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել հանդիպումների կարգի և վայրի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ նրանք շուտով կլուծեն այս հարցը»,- ասել է նա:
«Ընդհանուր առմամբ՝ մենք տեսնում ենք դրական դինամիկա Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ, ինչպես նաև տարածաշրջանում կապերի վերականգնման և ամրապնդման գործում: Մենք ողջունում ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման շարունակական գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի մատակարարման շարունակականությունը»,- հավելել է նա:
Այս ամենը, ըստ նրա, հաստատում է «3+3» ձևաչափի մշակման արդիականությունը, որը շեշտը դնում է տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա:
«Մենք նաև կցանկանայինք տեսնել մեր վրացի գործընկերներին հարթակի հանդիպմանը: Մենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենք, և միշտ կլինեն քննարկման թեմաներ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


