
ՀՀ-ն և Ադրբեջանը 2026-ին կպահպանեն երկխոսությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար․ Բայրամով
Հարևան պետությունների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության առաջնահերթություն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Բայրամովը նշել է, որ 2025 թվականին, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, կարևոր առաջընթաց է գրանցվել և նշանակալի քայլեր են ձեռնարկվել ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում։
«Այս տարի մեր քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն էր՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – հայտարարել է Բայրամովը։
Նա նշել է, որ TRIPP-ը կամրապնդի տարածաշրջանում միասնությունը. «Ավելի մեծ ջանքեր են գործադրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահություն կառուցելու համար։ 2026 թվականին մենք կպահպանենք երկխոսությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ադրբեջանական նավթամթերքի գնումը դրական գործընթացներ են վստահության կառուցման համատեքստում»։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հարավային Կովկասում ի հայտ են եկել նոր իրողություններ. «Մենք տեսանք դրա առաջին տարրերը 2025 թվականին։ Այս աշխատանքը կշարունակվի 2026 թվականին»։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի սահմանադրության փոփոխություններ և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում. «Վերջերս տեղի են ունեցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ: Գաբալայում տեղի է ունեցել նաև սահմանազատման հանձնաժողովի նիստ»:

