
Խաղաղություն՝ խոսքերով․ Ալիևը խոսում է խաղաղությունից՝ պատրաստվելով պատերազմի․ «Коммерсантъ»
2025 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն, որը մոտեցրեց հետխորհրդային տարածքի ամենաերկարատև հակամարտություններից մեկի ավարտը. Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես համաձայնեցին խաղաղության համաձայնագրի կնքմանը: Երևանն ու Բաքուն գլխավոր խաղաղապահի կոչումը շնորհեցին ոչ թե Մոսկվային, այլ Դոնալդ Թրամփին, որն անսպասելիորեն հետաքրքրություն ցուցաբերեց տարածաշրջանի նկատմամբ: Ձեռք բերված առաջընթացը քննարկելիս, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները որևէ ակնարկ չեն արել, թե երբ է պայմանագիրը վերջնականապես ստորագրվելու, այլ յուրաքանչյուրն օգտագործել է այս առաջընթացն իր նպատակների համար, կամ առնվազն փորձել է դա անել․ գրում է «Коммерсантъ»-ը։
Նշվում է, որ նախկինում կնքված համաձայնագրերը փաստացի անտեսելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը տասնամյակներ տևած համատեղ խորհրդակցություններից և եռակողմ քննարկումներից հետո Ռուսաստանին դուրս բերեցին խաղաղության գործընթացից:
Երկար ժամանակ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը, ըստ Ադրբեջանի, եղել է Հայաստանի սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի պահանջների, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարմարվելու Հայաստանի ցանկության մասին է։
Այնուամենայնիվ, Փաշինյանի հնարավորությունները սահմանափակ են. Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ կլինի հանրաքվե, և նույնիսկ եթե այն կազմակերպվի, դա կլինի միայն 2026 թվականի ամռանը, երբ Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Հաշվի առնելով արդեն իսկ ցածր վարկանիշը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հավանաբար, քվեարկությունից առաջ հանրաքվե չի անցկացնի նման վիճելի հարցի շուրջ։
Առայժմ նա մեծ ջանքեր է գործադրում համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ներկայացնելու որպես մեծ հաղթանակ և իր կառավարությանը համարում է դրա իրականացման երաշխավոր։
Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևը հստակեցնում է, որ, նույնիսկ տարածաշրջանում խաղաղության հաստատման դեպքում, երկիրը երբեք չի դադարի պատրաստվել հնարավոր պատերազմի։ Գլխավոր համաձայնագիրը՝ խաղաղությունը, դեռևս պաշտոնականացված չէ։ Եվ, կարծես, այս գործընթացը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել։

