
Ո՞վ է Խաչիկ Գալստյանը և ինչո՞ւ են ձերբակալել նրան
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին ձերբակալել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից ABC Media-ին հայտնեցին, որ նրան ձերբակալել են Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։
Փաստաբան Սոս Հակոբյանի խոսքով՝ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում են սկսել։
«Անկասկած է, որ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում… ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակում»,- գրել է Հակոբանը։
Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը քաղաքական է որակել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Խաչիկ Գալստյանը քաղաքական գիտությունների ոլորտի առաջատար մասնագետ է, պրոֆեսոր, գիտնական և հասարակական գործիչ։ Նա երկար տարիներ է՝ զբաղվում է քաղաքական գործընթացների, կոնֆլիկտների և բանակցությունների ուսումնասիրությամբ՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով Արցախի հիմնահարցին և տարածաշրջանային քաղաքական զարգացումներին։
Գալստյանը կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում՝ ավարտելով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն քաղաքական գիտությունների ոլորտում, իսկ 2017 թվականին արժանացել է գիտությունների դոկտորի կոչման։ 2020 թվականից նա ունի պրոֆեսորի գիտական կոչում։
Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում են քաղաքական երկխոսությունը, քաղաքական հակամարտությունները, բանակցային գործընթացները և հասարակական-քաղաքական փոխակերպումները։ Գիտական գործունեության շրջանակում հեղինակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ և վերլուծություններ՝ նվիրված ներքաղաքական ու միջազգային գործընթացներին։
Խաչիկ Գալստյանը երկար տարիներ դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նա նաև դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Տարբեր տարիների զբաղեցրել է գիտական քարտուղարի, ամբիոնի դասախոսի, ինչպես նաև կրթական ու գիտական կառույցների ղեկավար պաշտոններ։
Գիտահետազոտական և կրթական գործունեությանը զուգահեռ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական և քաղաքական կյանքին՝ աշխատելով որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, քաղաքական ուժի մամուլի խոսնակ, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելով մի շարք կառույցներում։
Խաչիկ Գալստյանն անդամ է մի շարք գիտական և փորձագիտական կազմակերպությունների։


