
Հունվարի 1-ից «Շողակաթ»-ի գործունեությունը դադարեցվում է
2026 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության գործունեությունը։ Որոշումը հետևանք է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, որոնց համաձայն կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։
Դեռևս հոկտեմբերի 2-ին Կառավարությունը հավանություն էր տվել օրենքի փոփոխությունների նախագծին, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։ Գործող կարգավորմամբ հանրային հեռարձակողները 3-ն էին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը և Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը։ Փոփոխությունների արդյունքում վերջինս դուրս է մնում հանրային հեռարձակողների ցանկից։
«Շողակաթը», որի հիմնադիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, ավելի քան մեկ տասնամյակ՝ 2011 թվականից, ապահովել է օրական շուրջ 14 ժամ կրթական, մշակութային, հոգևոր և մանկական հաղորդումներ՝ հանդիսանալով հանրային եթերում եզակի բովանդակություն ներկայացնող հարթակ։ Տարիների ընթացքում այն ձևավորել է հավատարիմ լսարան և դարձել ազգային-մշակութային դաշտի կարևոր բաղադրիչ։
Որոշումը մեծ արձագանք է առաջացրել հասարակական և մշակութային շրջանակներում։ Երգչուհի Լիլիթ Բլեյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը հանրային միջոցների վերաբաշխում է՝ ի վնաս մշակութային ծրագրերի, և այն քաղաքականացված որոշում է՝ ուղղված Եկեղեցու ու ազգային արժեքների ազդեցության նվազեցմանը հանրային կյանքում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս նախաձեռնությունը որակել են ոչ թե ֆինանսական, այլ արժեքային հարված՝ ընդգծելով, որ «Շողակաթը» տարիներ շարունակ ծառայել է հանրային կրթությանն ու ազգային ինքնության պահպանմանը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ստեղծված իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում հոգևոր-մշակութային բովանդակության շարունակականության համար։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները «Շողակաթի» գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին սկսել էին խոսել դեռ 2024 թվականից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մեկնարկից հետո։
Այս քայլը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես մեդիա քաղաքականության փոփոխություն, այլև որպես հերթական քայլ հանրային դաշտից Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների դուրս մղման ուղղությամբ։
«Շողակաթին» հեռուստաեթեր է տվել «5-րդ ալիք» ՀԸ-ն։ Նաև «Երկիր Մեդիան» է պատրաստ եթերաժամանակ տալ։


