24 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի ուղու» դեպքում ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն կիրականացնեն ՀՀ ծառայությունները․ Միրզոյանի ասուլիսը՝ կետերով

«Թրամփի ուղու» դեպքում ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն կիրականացնեն ՀՀ ծառայությունները․ Միրզոյանի ասուլիսը՝ կետերով

Սպիտակ տանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը և պատասխանելով լրագրողներից ստացված հարցերին։

Արարատ Միրզոյանի ասուլիսի առանցքային հատվածները՝ կետերով․

  • Փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքո։
  • Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին ու հրապարակվել է։ Չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնություն, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներով։
  • TRIPP զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ, սակայն կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ ՀՀ-ն, չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը, այսինքն՝ կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց ՀՀ համաձայնության, ոչինչ տեղի ունենալ չի կարող։
  • ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն են իրականացնելու ՀՀ ծառայությունների ներկայացուցիչները։ 
  • TRIPP-ի ամբողջ ծածկույթով արտակարգ իրավիճակներում ապահովվելու է ՀՀ մաքսային և սահմանապահ ծառայողների ներկայությունը:
  • «Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս»-ի իմաստն այն է, որ երբ քաղաքացին կամ սահմանազատողը, բիզնեսի դեպքում՝ հաճախորդն այցելում է տվյալ երկիր կամ ընկերություն և ուզում է որոշակի ծառայություն ստանալ, նա չի տեսնում այդ ծառայությունների մշակման, իրականացման ամբողջ ծավալը և մոտավորապես «մեկ պատուհան» սկզբունքով ինչ-որ մարդիկ իրեն բարեհամբույր սպասարկում են, թղթերն ու տվյալները հավաքագրում են: Թե հետո ինչպես է ընթանում այդ գործընթացը, ինչպես են տվյալները մշակվում, ինչպես է որոշում կայացվում, դա արդեն տեղի է ունենում հետնաբեմում՝ «բեք օֆիսում»: 
  • Ինչո՞ւ է TRIPP ընկերության բաժնեմասերի ընդամենը 26%-ը Հայաստանինը լինելու, իսկ մեծ մասը՝ 74 %-ը՝ ԱՄՆ-ին է պատկանելու․ հարցին նախարարը պատասխանեց․«Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, ՀՀ-ն իր կողմից ներդնելու է կառուցապատման իրավունքը. կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում՝ խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է: ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու TRIPP ծրագրի համար, որևէ հող ՀՀ-ից չի օտարվելու»։
  • Նախագիծը հաջողելու նախադրյալներն են՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման հարցում առաջընթացը, ԱՄՆ կայուն ներգրավվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, կայունությունը:
  • Նպատակ չունենք ՌԴ-ին դուրս թողնելու TRIPP-ից։ ՌԴ-ն ՀՀ-ի տարբեր ենթակառուցվածքներում ունի ներկայացվածություն, այդ թվում՝ երկաթուղում, ուստի ՌԴ-ն TRIPP-ին չի մասնակցի, բայց դրա շարունակության շրջանակում համագործակցություն ստեղծվել կարող է։
Ռազմագերիներ