
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ Ալիև
Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Euronews-ի հետ զրույցում։
«Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը հինգ կամ վեց ամիս. մենք սրան սովորում ենք։ Մեր անկախ պատմության ամբողջ ընթացքում մենք երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Եվ սա յուրահատուկ զգացողություն է։ Եվ, իհարկե, սա հրաշալի հնարավորություն է։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստան մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, որոնցից այս երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով մենք կհասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլև մշտական խաղաղության Կովկասում։ Սա մեր նպատակն է»,- հայտարարել է Ալիևը։
Նա հավել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ չի համագործակցել Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ․
«Մենք համագործակցում ենք Եվրահանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավական է։ Բայց ես կարծում եմ, որ Եվրախորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ մեզ մեղադրելով այնպիսի բաների համար, որոնք մենք երբեք չենք արել, այդ թվում՝ այսպես կոչված, ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանն ինքն է գնահատում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Եվ անցյալ օգոստոսին Սպիտակ տանը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Հետևաբար, ես հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի անդամները կգտնեն համարձակություն վերանայելու իրենց անարդար քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է Ալիևը։


