04 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրագրողից՝ բարեփոխիչ, բարեփոխիչից՝ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի կերպարի փոփոխությունը միջազգային ասպարեզում

Լրագրողից՝ բարեփոխիչ, բարեփոխիչից՝ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի կերպարի փոփոխությունը միջազգային ասպարեզում

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականին, միջազգային լրատվամիջոցներում դա լայնորեն ներկայացվում էր որպես հետխորհրդային տարածքում հազվագյուտ հաջողության պատմություն. լրագրողից՝ բարեփոխիչ, որն իշխանության էր եկել խաղաղ բողոքի ցույցերի միջոցով՝ խոստանալով թափանցիկություն, օրենքի գերակայություն և վճռական խզում օլիգարխիկ կառավարման հետ: Մի քանի տարի շարունակ արևմտյան դիտորդները Հայաստանի օրինակը ներկայացնում էին որպես փխրուն, բայց իսկական ժողովրդավարական փորձ:

Այսօր այդ կերպարն ավելի ու ավելի է փոփոխվում:

Միջազգային վերլուծաբաններն ու կառույցները, ինչպիսին, օրինակ, Transparency international-ն է, այժմ ավելի քիչ են խոսում ժողովրդավարական կոնսոլիդացիայի և ավելի շատ՝ ժողովրդավարական լճացման մասին, միաժամանակ քննադատելով Փաշինյանի քայլերն ըդդեմ Եկեղեցու և ընդդիմադիր գործիչների:

Քննադատության մեկ այլ աճող կետ վերաբերում է քաղաքական հակառակորդների և հանրային քննադատների նկատմամբ վերաբերմունքին։ Միջազգային զեկույցներում նշվել են դեպքեր, երբ ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների կամ բացահայտ քննադատների դեմ քրեական հետաքննություններն ու դատական գործընթացներն արտասահմանում ընկալվում են որպես ընտրողական կամ քաղաքական դրդապատճառներով։

Օրինակ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ ՀՀ-ում ամենաշատը խախտվում են օգտատիրոջ իրավունքները։ Երկիրը համացանցի ազատության առումով համարվում է «ազատ»։ Երկրի ինտերնետային միջավայրը մնացել է կենսունակ, սակայն Freedom House-ը նշել է, որ «իշխանությունները մարդկանց ձերբակալել են կառավարությանն ուղղված առցանց քննադատության համար, և երկրի անհատները ենթարկվել են հսկողության՝ օգտագործելով առևտրային լրտեսող ծրագրեր»:

Այն, ինչ մի ժամանակ համարվում էր վճռական կառավարում, այժմ որոշ արտասահմանյան մեկնաբանություններում նկարագրվում է որպես անհատականացված կառավարում, որտեղ քաղաքական իշխանությունն ավելի շատ հիմնված է մեկ անհատի լեգիտիմության, քան դիմացկուն ինստիտուտների վրա: Այս տեղաշարժը մտահոգություններ է առաջացրել, որ Հայաստանը վտանգում է սահել  դեպի այն ռեժիմ, որը քաղաքագետներն անվանում են հիբրիդային՝ ոչ լիովին ժողովրդավարական, ոչ էլ բացահայտ ավտորիտար։  Օրինակ՝ OC Media-ի վերլուծության համաձայն՝ Փաշինյանի հայտարարությունները, թե «կառավարությունը ես եմ», և ընդդիմադիրներին ճնշելը կարող են վտանգել իրական ժողովրդավարությունը՝ կարևորելով անձի իշխանությունը, ոչ թե ինստիտուտների։ 

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ այս գործողություններն արտացոլում են կոռուպցիայի դեմ վաղուց սպասված պայքարը, արտաքին դիտորդներն ավելի ու ավելի են կասկածի տակ դնում, թե օրենքներն արդյոք հավասարաչա՞փ են կիրառվում, թե՞ օգտագործվում են որպես այլախոհությունը մարգինալացնելու գործիք։ Այս ընկալումը թուլացրել է Փաշինյանի հեղինակությունը որպես բազմակարծությանը նվիրված բարեփոխիչ։

Փաշինյանի միջազգային հեղինակությունը ոչ մի տեղ այնքան տեսանելիորեն չի տուժել, որքան արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում։ Նրա պնդումն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ գովասանքի է արժանացել որոշ դիվանագիտական շրջանակներում, բայց դա նաև սուր քննադատության է արժանացել։

Արտասահմանյան վերլուծական հոդվածներում Հայաստանն ավելի ու ավելի է ներկայացվում որպես բանակցող ավելի թույլ կողմ, որտեղ Փաշինյանը պատրաստ է ճնշման տակ գնալ լայնածավալ զիջումների, միայն թե առաջիկա ընտրություններին հանրությանը մատուցի, թե իբր իրեն հաջողվել է «խաղաղություն բերել», և եթե ինքը թողնի աթոռը, կրկին պատերազմ կլինի։

Օրինակ՝ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Ռուսաստանը և աշխարհը. 2026» զեկույցում ընդգծվել է․ «Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մեծ հավանականություն կա, որը կամրագրի էական քաղաքական և տարածքային զիջումներ Երևանի համար: Ակնհայտ է, որ ընտրություններում համոզիչ հաղթանակի բացակայության դեպքում Փաշինյանի համար դժվար կլինի այս ոչ ժողովրդական քայլը կատարել Հայաստանում»։

Հայաստանը մնում է ավելի բաց, քան իր շատ հարևաններ, սակայն նրա ղեկավարությունն ավելի ու ավելի է դրսևորում վերահսկվող ժողովրդավարություններին բնորոշ հատկանիշներ՝ կենտրոնացված որոշումների կայացում, այլախոհության նկատմամբ անհանդուրժողականություն և այլն։

Արդյունքում՝ միջազգային կերպարն ավելի երկիմաստ է դառնում։ Նիկոլ Փաշինյանը չի դիտարկվում ո՛չ որպես բռնապետ, ո՛չ էլ որպես այն բարեփոխիչը, ինչպիսին նախկինում էր։ Նա դիտարկվում է որպես առաջնորդ, որը կառավարում է պաշտոնապես ժողովրդավարական պետություն, բայց ավտորիտար միտումներով, որոնք արդարացված են ճգնաժամով, պատերազմով և անկայունությամբ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ