
Համարում եմ բավարար, լավ համարել չեմ կարող․ Տիգրան Ավինյանը՝ ճանապարհների մաքրման աշխատանքների մասին
Հաշվի առնելով եկած ձյան ու իրականացրած աշխատանքների ծավալները՝ համարում եմ բավարար։ Իհարկե, լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրերի խնդիրներ։ Բայց բավարար կարող ենք համարել, քանի որ մեր ճանապարհներն ինտենսիվ ձյան գալուց 24-36 ժամ հետո ամբողջովին անցանելի են եղել, խնդիրներն ամբողջությամբ վերացված են եղել․ այսօր գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք։ Եթե ցերեկային ժամերին է ձյուն գալիս, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ միջինացված ժամանակն էապես նվազի»,- ասաց քաղաքապետը։
Ըստ նրա՝ շատ գեղեցիկ ձմեռ ունենք իրականում։
«Իմ դժգոհությունը կամ մտահոգությունները միայն մի նպատակ ունեն, որ հաջորդ անգամ մենք ավելի պատրաստված լինենք խնդիրները լուծելու նորարարական տարբերակներով, օրինակ՝ նախապես աղաջրի լուծույթ փողոցներում ցանելով»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է մայթերին ու բակերին, ապա այստեղ, ըստ նրա, համակարգային նոր լուծումներ են պետք, համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է պետք:
«Ի դեպ, մեր մասնավոր գործընկերներից շատերն այս տարի բացահայտեցին, որ իրենք ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու»,- նշեց քաղաքապետը։


