
ԿԳՄՍՆ-ն պատասխանել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախկին նախագահի մեղադրանքներին
«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի հրաժարականի հարցը ԿԳՄՍ նախարարության իրավասություններից դուրս է։ Ֆեդերացիան գործում է իր կանոնադրությամբ, իսկ նախարարությունը չի միջամտում մարզական ֆեդերացիաների նախագահների ընտրության կամ հրաժարականի գործընթացներին․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվել է, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականի վերաբերյալ նախարարությանը պաշտոնապես չի տեղեկացվել, թեմայի շուրջ քննարկում չի եղել։
Անդրադառնալով Դահուկային սպորտի ֆեդերացիայի՝ արդեն պաշտոնաթող նախագահ Գագիկ Սարգսյանի մեղադրանքներին, թե տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը ձախողվել է, Ֆեդերացիան իրեն անտեսված է զգացել, ֆինանսավորման խնդիրներ են եղել և իրենց առաջարկները չեն ընդունվել, ԿԳՄՍ նախարարությունից արձագանքել են․ «Ֆեդերացիային պետական հատկացումները կատարվել են ամբողջությամբ և սահմանված ընթացակարգով՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրերը և մարզական արդյունքները։ 2026 թվականին դահուկային սպորտի ֆեդերացիային հատկացվել է ավելի քան 16 մլն դրամ, ինչը շուրջ 18 տոկոսով գերազանցում է 2025 թվականի ֆինանսավորումը»։
Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ֆեդերացիայի նախագահը 2026 թվականի հունվարի 8-ին արդեն ստացել է որոշ միջոցառումների չեղարկման նամակներ՝ առանց ֆինանսավորման պայմանագրի ստորագրմանը սպասելու, մինչդեռ գործող կարգավորումները թույլ են տալիս տարվա սկզբի միջոցառումները ներառել տվյալ տարվա ֆինանսավորման հայտում։
«Միաժամանակ նշվում է, որ ֆեդերացիաների կառավարչական կարողությունները բարելավելու նպատակով արդեն երկրորդ տարին իրականացվում է հաշվապահության և գնումների կենտրոնացված մոդել, որին աստիճանաբար կմիանան բոլոր ֆեդերացիաները»,- ասել է ԿԳՄՍ նախարարությունը՝ ABC Media-ի հարցմանը պատասխան։
ԿԳՄՍ նախարարությունը հույս է հայտնել, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կլուծի ներքին կառավարչական խնդիրները և կվերադառնա դահուկային սպորտի զարգացման օրակարգին՝ պետության հետ համագործակցությամբ։
Գերատեսչությունից նշել են, որ հետևողականորեն աջակցում են սպորտի, այդ թվում՝ ձմեռային մարզաձևերի զարգացմանը, ինչը ամրագրված է նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանում»։
«2025 թվականին ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո Ջերմուկում անցկացվել են Համահայկական ձմեռային խաղերը՝ 18 երկրի ավելի քան 1300 մասնակցով։
Նույն տարում Հայաստանում անցկացվել է հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը՝ պետության, ֆեդերացիայի և մասնավորի համագործակցությամբ։
2026 թվականի համար նախարարությունը հայտարարել է ձմեռային մարզաձևերի մարզահագուստի գնման մրցույթ։
Պետական ֆինանսավորում ստացող ֆեդերացիաների ցանկում ընդգրկվել է նաև դահուկային լեռնագնացության ֆեդերացիան։
Մարզիչների վերապատրաստման պետական ծրագրի շրջանակում առաջին անգամ ներառվել է նաև գեղասահքը։
Քննարկվում է մասնավոր ենթակառուցվածքներում երեխաների մարզումների ֆինանսավորման ընդլայնումը, այդ թվում՝ դահուկային սպորտում»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։


