
Վենսի այցը ՀՀ և Ադրբեջան կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ. Կոբախիձե
Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, ուստի ՝ բնական է, որ նա կայցելի Ադրբեջան և Հայաստան․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով փաստը, որ Վրաստանը ներառված չէ ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի ծրագրում։
Նա նշել է, որ Վրաստան չայցելելու որոշումը կայացրել է ամերիկյան կողմը։
«Վրաց-ամերիկյան հարաբերությունների վիճակը լավ հայտնի է։ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված իրավիճակը չափազանց բարդ է։ Մենք հայտարարել ենք մեր ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերականգնելու պատրաստակամության մասին, և սպասում ենք ԱՄՆ վարչակազմի որոշմանը», – հավելել է Կոբախիձեն։
Վենսի այցն Ադրբեջան և Հայաստան նախատեսված է փետրվարին։


