
Դատարանն արձանագրել է, որ պատմության դասագրքում Արցախը հանձնելու մասին տեղեկություններն ամբողջական չեն
Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի։
Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը, որպես ԼՂՀ նախագահ, ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր:
«Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո։ Իսկ ուժի գործադրման կամ անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,-այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ անգամ հրամանագրի ընդունման փաստի իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին դրանով վնաս պատճառելը։
Ըստ դատարանի՝ հայցվորը հանդիսանում է պատմության դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև ուղղակի դերակատար։ Ինչպես նաև հաշվի առնելով դրանց ներկայիս քաղաքական կարևորությունը և պատմական ճշմարտությունը հետագա սերունդներին առավելագույնս հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը՝ դրանց ճշգրիտ և ամբողջական նկարագրության առնչությամբ իրավացիորեն կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ։
«Դատարանը հստակ արձանագրել է, որ թեև հայցվորի պատիվն ու արժանապատվությունը նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Սա ևս արձանագրվել է դատարանի կողմից, ընդ որում՝ դատարանը հիմք է ընդունել հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը և նշել, որ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ»,-ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։


