
ՀՀ իշխանություններն իրենց հակասահմանադրական գործողություններով արհեստական պառակտում են ստեղծում քրիստոնյաների շրջանում․ ամփոփում
Կրոնական կազմակերպություններն աշխարհի տարբեր ծայրերից իրենց մտահոգությունն են հայտնել քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում Եկեղեցու դեմ ուղղված ՀՀ կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների առնչությամբ։ Այսպիսով՝ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Ինչպես նշել է ֆորումի նախագահ Յան Ֆիգելը, Եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։
«Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և էթիկական տեսանկյունից: Դրանք վնասում են ոչ միայն Եկեղեցուն, այլև ամբողջ երկրին ու ազգին», – նշել է Յան Ֆիգելը:
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) նախագահ Ջոն Էյբները հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամուր, հաստատուն, վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները։
Դանիայի եկեղեցիների խորհուրդը ևս մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Այն խոր մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանում, ըստ երևույթին, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնք վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը:
«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին պաշտպանել Հայաստանի դարավոր քրիստոնեական ավանդույթը և ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակությանն առաջնորդող արժեքներ»,- նշվել է հայտարարությունում։
Ռուս ուղղափառ եկեղեցին ևս մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին կոպիտ միջամտելու Հայաստանի իշխանությունների փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստական պառակտում առաջացնելու փորձերը:
Պիտերբորոյի Կրոնական ազատության հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Ջեքսոնն ընդգծել է, որ Հայաստանը բանտարկել է իր արքեպիսկոպոսների կեսին՝ որպես այլախոհության դեմ լայնածավալ ճնշման մաս։
Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանը, բախվելով հանրային խոր դժգոհության, նաև տուգանել է քաղաքացիներին սոցիալական ցանցերում գրառումների համար, կալանավորել քննադատներին և բռնագրավել եկեղեցական գույքը։ Նա հրապարակավ կոչ է արել պաշտոնանկ անել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին։
«Հայաստանի բարեկամները պետք է հստակ ասեն. հայ ժողովուրդը և նրա հին քրիստոնեական ժառանգությունն արժանի են պաշտպանության, այլ ոչ հալածանքի իրենց սեփական կառավարության կողմից»,- ընդգծել է Ջեքսոնը։
Քրիստոնեական խնդիրների վրա կենտրոնացած The Christian Post-ը գրել է, որ այսօր Հայաստանը գտնվում է անկայուն մի հանգրվանում, որտեղ պայքարում է ներքին խոր պառակտումների դեմ, որոնք սպառնում են նրա ազգային անվտանգությանը և գոյությանը։ Մինչ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Եկեղեցու դեմ իր գործողությունները նպատակ ունեն ապահովել աշխարհիկությունը և պայքարել կոռուպցիայի դեմ, շատ հայեր այս գործողությունները համարում են քաղաքական դրդապատճառներով հարձակումներ, որոնք ազդում են կրոնական ազատության և ազգային կայունության վրա։
Ավելին, այս հարձակումները միայն ծառայում են հայերին բաժանելուն և ուղղակիորեն բխում են թուրքական և ադրբեջանական խաղացանկից, որտեղ պետական պաշտոնյաները շահագործում և խորացնում են ներքին հասարակական պառակտումները՝ իշխանությունը պահելու համար։
Թերթը կառավարության գործողությունները որակել է որպես հակասահմանադրական։


