
Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողության և դավաճանության ամոթալի հաղթանակ է․ Լազարևյան ակումբ
Լեռնային Ղարաբաղում Բաքվի կողմից գերեվարվածների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողության և դավաճանության ամոթալի հաղթանակ է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա սոցիալական ցանցերում հայտարարություն է հրապարակել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» անունից՝ Արցախի գերեվարված առաջնորդների դատավճռի վերաբերյալ։
«Այսպես կոչված, Բաքվի արդարադատության համակարգի մեղադրական եզրակացության նյութերը լի են «անջատողականության», «անօրինական զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտումների մասին ամբարտավան արտահայտություններով, որի քաղաքացի մեղադրյալները երբեք չեն եղել։ 1994 թվականին ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո քառորդ դար շարունակ, Ադրբեջանի իշխանությունները, որոնք հանդիպում էին այժմ դատապարտվածների հետ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող հակամարտության կարգավորման բանակցային ֆորումներում, նույնիսկ դատավարությունից առաջ, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) բոլոր գերեվարված առաջնորդներին անվանում էին հանցագործներ, մեղավոր բոլոր մահացու մեղքերի համար», – նշվում է հայտարարությունում։
Ինչպես ընդգծվել է, Բաքուն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։
«Սա հաշվեհարդար էր, դատավարության ծաղրանք, ոչ թե՝ դատավարություն։ Եվ տեղի ունեցածի համատեքստում՝ նույնիսկ աշխարհի ամենաանհասկացողնեը պետք է հասկանան, թե ինչու է յուրաքանչյուր հայ ստիպված եղել լքել իր հողը, տները, գերեզմանատները և եկեղեցիներն օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,- նշվել է հայտարարության մեջ։
Ակումբը նշում է, որ զարմանալի զուգադիպություն է այն, որ դատավճիռը հրապարակվել է այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության» մրցանակը։
«Կասկած չկա Փաշինյանի և Ալիևի եղբայրության մասին։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դավաճանությանը, որը թույլ տվեց հանձնել Լեռնային Ղարաբաղը և վտարել նրա հայրենակիցներին իրենց պատմական հողերից, Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, որոնք վերընտրվելու համար թակում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների և նույնիսկ Ռուսաստանի դռները, մատ չեն շարժել իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին գերությունից ազատելու համար։ Այս ամոթը հավերժ կմնա նրանց հետ»,- հայտարարել է Լազարևյան ակումբը։
«Լազարևյան ակումբը» պահանջել է ազատ արձակել Բաքվի բանտերից բոլոր անօրինական կերպով կալանավորված և անօրինական կերպով դատապարտված բանտարկյալներին՝ «լինեն նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, ՀՀ քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ ամբարտավան ադրբեջանական իշխանությունների վրեժխնդրական գործողությունների զոհեր»։


