
Վաշինգտոնը մտադիր է ավարտին հասցնել TRIPP-ը և վերաձևակերպել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը․ Известия
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած շրջագայությունն աննախադեպ է։ ԱՄՆ-ի նման դիվանագիտական ակտիվությունը հստակորեն ուրվագծում է Սպիտակ տան նոր առաջնահերթությունները Հարավային Կովկասում․ գրել է Известия-ն։
«Գլխավոր շահագրգռվածությունն Անդրկովկասի երկրները Ռուսաստանի ազդեցության ոլորտից հանելն է՝ տարածաշրջանը Ռուսաստանից անջատելը և, հնարավոր է, նրա համար ևս մեկ լարվածության օջախ ստեղծելը»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության պրոֆեսոր Բորիս Մարտինովը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ Անդրկովկասի երկրներն ամբողջ աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեն, և հենց այստեղ է թաքնված ամերիկացիների գործողությունների տրամաբանությունը։ Քննարկումը կարող է ներառել նաև Հայաստանի վերջնականապես դուրսբերումը ՀԱՊԿ-ից և, հնարավոր է, ԵԱՏՄ-ից՝ նրան մղելով դեպի ավելի սերտ կապեր և համաձայնագրեր Եվրամիության հետ։
Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Նիկոլայ Նովիկը համարում է, որ TRIPP-ի մեկնարկը Հարավային Կովկասն «աշխարհաքաղաքական փակուղուց» վերածում է Միջին միջանցքի կենտրոնական հանգույցի։
«TRIPP-ի ինտեգրումն, ինչպես սպասվում է, կկրճատի Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման ժամանակը 18-ից մինչև 12 օր։ Այն ստեղծում է անխափան երկաթուղային և ճանապարհային կապեր Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա երթուղով՝ շրջանցելով Վրաստանով անցնող ավելի երկար երթուղիներն»,- ընդգծել է փորձագետը։
Ըստ ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Պավել Սելեզնևի՝ նոր տրանսպորտային երթուղին կդառնա ինչպես Ռուսաստանի միջով անցնող Հյուսիսային միջանցքի, այնպես էլ Իրանի միջով անցնող հնարավոր երթուղիների այլընտրանք՝ ավելի ամրապնդելով Թուրքիայի դիրքերը՝ որպես ՆԱՏՕ-ի հարավային թևում հիմնական բաշխման կենտրոնի։
«Ռուսաստանի համար TRIPP-ի իրականացումն իր ներկայիս տեսքով՝ ԱՄՆ կառավարման ներքո, ստեղծում է մի շարք մարտահրավերներ, որոնք ազդում են ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանական ոլորտների վրա»,- հավելել է Սելեզնևը։
Ինչպես գրել է Известия-ն, չնայած «Վաշինգտոնյան շրջանակը» ստեղծվել է դեռևս 2025 թվականի ամռանը՝ Դոնալդ Թրամփի անձամբ մասնակցած գագաթնաժողովում, նախագծի իրականացումը դեռևս բախվում է քաղաքական խոչընդոտների։ Հիմնական խոչընդոտը մնում է Ադրբեջանի պահանջը, որ Երևանը փոփոխի սահմանադրական ձևակերպումները, որոնք Բաքուն համարում է թաքնված տարածքային պահանջներ։ Այնուամենայնիվ, Վենսի ներկայիս այցը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը, կարծես թե, մտադիր է ավարտին հասցնել հարցը և վերջապես վերաձևակերպել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը։


